211652_close_icon
views-count1160 դիտում article-date 14:16 28-01-2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Քրիստոսահաստատ մեր նվիրական սրբավայրից, Հայոց Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ մեր ողջ ժողովրդին և քաջարի մեր բանակի զորաց ու զորականաց: Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ' արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի: Հայոց Բանակը մշտապես կրողն է եղել մեր ժողովրդի հավատավոր, ազատատենչ հոգու, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները: Այսօր էլ մեր Բանակի մարտիկները հերոսանում և իրենց կյանք են ընծայում հայրենիքին' դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին: Այս տոնական օրը մենք հիշում ու մեծարում ենք հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զինվորներին ու զորավարներին և անմահ մեր հերոսներին, և բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին անկախ պետականության ստեղծման վեհ և նվիրական գործին: Մաղթում ենք, որ Հայոց Բանակի մարտիկները հոգու նվիրումով ու արիությամբ, նախանձախնդրորեն շարունակեն իրենց մշտարթուն ծառայությունը և բազմապատկեն Հայոց Բանակի ձեռքբերումները' պաշտպանելով մեր երկիրը, մեր արժեքներն ու սրբությունները: Թող Ամենակալ Տերը խաղաղություն շնորհի ողջ աշխարհին և Իր Ամենախնամ Աջի հովանին տարածյալ պահի հայոց երկրի, զորաց ու զորականաց և ժողովրդի վրա: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիս հետ: Ամեն»:

Նմանատիպ նյութեր