211652_close_icon
views-count1880 դիտում article-date 15:26 11-02-2014

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակ է հղել ԱՄՆ օրենսդիրներին՝ կոչ անելով չենթարկվել Ալիև-բռնապետի քմահաճույքներին

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակ է հղել ԱՄՆ օրենսդիրներին, որում կոչ է արել չենթարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և թույլ չտալ միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին: Նամակում ասվում է, որ Ի. Ալիևը ստիպում է ԱՄՆ օրենսդիր մարմիններին միանալ Հայաստանի ետ կապված հարցերում իր քմահաճույքներին և վայրագ ու ճնշող քաղաքականությանը: «Ադրբեջանը վերջին 50 տարիներին գտնվում է Ալիևների ընտանիքի լրիվ վերահսկման տակ: Ադրբեջանի ներկայիս նախագահը, ով ՊԱԿ գեներալի որդի է, միլիարդատեր է դարձել իր պաշտոնավարման ընթացքում և հաճախ հիշատակվում է որպես աշխարհի ամենաանժողովրդավար առաջնորդ: Նրա անձնական կարողությունն ու կառավարության կոռուպցիան ցուցադրվել են CNBC-ի «Ալիևների ընտանիքն Ադրբեջանում» հաղորդման մեջ»,-ասվում էնամակում: Ա. Համբարյանը հիշեցնում է նաև, որ Ալիևի անվան հետ է կապված աշխարհում ամենամեծ սկանդալներից մեկը, երբ ադրբեջանցի բռնակալը հերոսի կոչում շնորհեց Հունգարիայում հայ սպա Գորգեն Մարգարյանին կացնահարած մարդասպանին՝ Ռամիլ Սաֆարովին: «Այս ամոթալի ոճրագործությունը խստորեն դատապարտվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վարկանիշին, ապա այն գնահատվում է վատթարագույնը աշխարհում: Դրա մասին նշված է ԱՄՆ Պետդեպի տարեկան հաշվետվության մեջ»,-ասել է նա: Նա կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չլռել և առերեսման դուրս գալ և թույլ չտալ օտարերկրյա դիվանագետներին միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին: «Պարզապես ամոթալի է յուրաքանչյուր նահանգային օրենսդիրի համար թույլ տալ, որպեսզի իրեն ծառայեցնեն ոմն կաշառակեր բռնապետի շահերին»,-ասել է Արամ Համբարյանը՝ կոչ անելով չենթարկվել Ալիև բռնակալի ատելության քարոզարշավին, որն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նմանատիպ նյութեր