211652_close_icon
views-count23734 դիտում article-date 19:49 11-02-2014

Նոր Նորքի ոստիկանության և Ավանի բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտեցին 31-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր` փետրվարի 11-ին, Երևանի Ավան վարչական շրջանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գտնվող խանութի հետնամասում հայտնաբերված դաժան ծեծի հետևանքով 31-ամյա Կարեն Վերդյանի մահվան դեպքի փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատական բժիշկը քննիչի որոշմամբ դիակի դատաբժշկական փորձաքնություն կանցկացներ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննչական խումբը քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, Նոր Նոքրի ոստիկանները` բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս Ավանի բաժանմունք են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան 26/1 շենքի բնակիչ 18-ամյա Ռոբերտ Ադամյանին և Ավան Առինջ 1 միկրոշրջան 2/8 շենքի բնակիչ 20-ամյա Մեխակ Կարեյանին: Ոստիկանության Նոր Նորքի քննչական խումբը պարզել է, որ այսօր գիշերը ժամը 01:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ, մահացածի ծնողներին պատկանող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Ռ. Ադամյանի ու Մ. Կարեյանի միջև , որից հետո Ռ. Ադամյանն ու Մ. Կարեյանը ծեծի են ենթարկել Կ . Վերդյանին: Այդ ամենից հետո նրան թողնելով անօգնական` ավտոմեքենայով հեռացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը թաղամասում հայտնի է եղել որպես ոգելից խմիչքի սիրահար ով գրեթե միշտ եղել է գինովցած և խանութում ինքն է հայհոյանքներ տվել երիտասարդների հասցեին, ինչից հետո վերջիններս էլ հաշվեհարդար են տեսել նրա նկատմամբ: Մի քանի հարևաններ էլ պատմել են, որ Կ. Վերդյանին վիրավոր վիճակում չեն փորձել օգնություն ցուցաբերել նրա ծնողները, անգամ վիրավոր վիճակում գտնվող իրենց տղային նրանք քարշ տալով հեռացրել են խանութի ներսից` տանելով դեպի խանութի հետնամաս: Կան տեղեկություներ, որ մի քանի ժամ Կ. Վերդյանը կենդանի է եղել ու եթե ծնողները ժամանակին դիմեին բժիշկների օգնությանը, ապա նրանց տղան չէր մահանա: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ոստիկանության կողմից բացահայտված այս հանցագործության կազմած քրեական գործի նյութերը փոխանցվելու են Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, ըստ ենթակայության, քանի որ կասկածյալներից Մ. Կարեյանը ծառայում է ՀՀ ՊՆ Իջևանի N զորամասում: Քննիչի որոշմամբ Ռ. Ադամյանն ու Մ. Կարեյանը ձերբակալվել են: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր