211652_close_icon
views-count1184 դիտում article-date 19:26 21-02-2014

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված արարողությանը

Փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին։ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ զետեղեց հուշահամալիրում և հանդես եկավ ելույթով։ Արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ծաղկեպսակ զետեղեց Հայաստանի Հանրապետության անունից։ Արարողությանն ընթերցվեց Միսաք Մանուշյանի կյանքի վերջին ժամերին գրված նամակն՝ ուղղված իր կնոջը՝ Մելինեին. «Մի քանի ժամ հետո ես այլևս չեմ լինի այս աշխարհում. ինձ կգնդակահարեն կեսօրից հետո: Երանի՛ նրանց, ովքեր կփրկվեն և կվայելեն ազատության քաղցրությունը և վաղվա խաղաղությունը: Ես վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և բոլոր ազատության համար պայքարողները արժանապատվորեն կպահեն մեր հիշատակը։ Եթե հնարավոր լինի, փոխանցիր իմ հիշողությունները Հայաստանում գտնվող հարազատներիս», - գրել է Միսաք Մանուշյանը կյանքի վերջին պահերին իր կնոջը։ Իր ելույթում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց. «Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»։ Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի կառավարության, Սենատի և Ազգային ժողովի անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր