2053 դիտում
19:36 27-02-2014
Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում Ս. Վարդանանց տոնի առիթով
Փետրվարի 27-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաև կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի չորս և Քահանայից լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, և շնորհեց նրանց հոգևոր նոր անուններ: Առնակ սրկ. Տերտերյանը վերակոչվեց Տ. Տաթև քահանա, Հովհաննես սրկ. Միրզոյանը` Տ. Արսեն քահանա, Անդրանիկ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Ոսկան քահանա, Ռոման սրկ. Պետրոսյանը` Տ. Փառեն քահանա, Ռոբերտ սրկ. Ասատրյանը` Տ. Ատոմ քահանա, Վահրամ սրկ. Քարտաշյանը` Տ. Աբել քահանա, Դավիթ սրկ. Մարգարյանը` Տ. Աբգար քահանա, Կարեն սրկ. Հեբոյանը` Տ. Վահան քահանա, Հրայր սրկ. Գրիգորյանը` Տ. Համազասպ քահանա, Զավեն սրկ. Հարությունյանը` Տ. Հովակիմ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր ուրախությունը հայտնելով Ս. Վարդանանց տոնին կատարած ձեռնադրության առիթով և շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձավ քահանայության կարևորությանը: «Մեր Տիրոջ մի խոսքով ձկնորսները վերափոխվեցին առաքյալների և առանց երկմտելու գնացին Նրա կանչին ընդառաջ՝ թողնելով ամեն ինչ՝ թե´ անուն, թե´ ընտանիք և թե´ ապրուստ: Նրանք նոր ծնունդ, նոր անուն և նոր կյանք ստացան: Աղոթքով լեցուն այս կամարները, սիրելիներ, վկաներն են բազմաթիվ նման հոգևոր ծնունդների, ականատեսն են Սուրբ Հոգու շնորհների բաշխման, որոնք երկնքից առատապես հեղվել են Միածնի Իջման Սուրբ Սեղանին ծնկի եկած կոչյալների վրա՝ Սուրբ Հոգու աներևույթ հպումով օծելով նրանց՝ որպես Աստծո սպասավորներ:
…Շնորհընկալ և հոգեկիր երեցներ եղաք այսօր ձեռնադրության և ձեռքի հպումով, իսկ Սրբալույս Մյուռոնի օծմամբ դարձաք երկու հազարամյակ ձգվող սրբազան խորհրդի մասնակիցներ: Սուրբ խորանին կանգնած այս նորաօծ հոգևորականներից յուրաքանչյուրն իր սիրտը բացեց, ընդառաջ գնաց այն կանչին, որը դժվարագույններից է մարդկային կյանքում: Նրանք համաձայնեցին լինել մարդկանց որսորդներ, հանձն առան և ուխտեցին Զեբեդեոսի որդիների նման ամեն ինչ սիրով կատարել, սուրբ հայրապետների կանոններով առաջնորդվել և նրանցից երբեք չխոտորվել կամ նահանջել», - ասաց Սրբազան Հայրը` հորդորելով նորընծաներին իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին և Եկեղեցուն անսասան հավատով, անսակարկ նվիրումով ու անկոտրում կամքով:
Իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ նաև Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին: «Մի ամբողջ ազգ Ավարայրում փորձվեց և փրկվեց մի աներևույթ ձեռքի միջոցով. Ամենազոր Տերն էր, Ով, տեսնելով հայ ազգի հավատքը, հայրենի հողին նահատակվելու ոգին, Իրեն ուղղված հուսառատ աղոթքը, անսաց մեր փոքր ածուի սրտաբուխ աղոթքին, և Տղմուտի ջրերը մեր հավատքի մկրտության, իսկ Ավարայրը՝ ալ արյան մկրտության փրկարար նավակի վերածեց: Ավարայրը չի կարող հայի համար հուշ լինել, չի կարող լոկ պատմություն մնալ, այն հայ տեսակի, Աստծուն որդեգրվելու պանծալի ուղու պսակումն է: Մի ամբողջ ժողովրդի լավագույն զավակները՝ ռամիկ, շինական, իշխան, զորական, ուսուցիչ և վարդապետ, ոտքի կանգնած գնում էին նահատակվելու այն հայրենիքի և այն Տիրոջ համար, որտեղից նոր կյանք սկսվեց: …Վարդանանք մեր ժողովրդի պատմության և հիշողության մեջ դաջված են իբրև հայրենասիրության, հավատասիրության և արիության խորհրդանիշներ, և այս բոլորն անառարկելի է, սուրբ Վարդանանք այն հերոսներն են, ովքեր լսեցին Աստուծո կանչը, ովքեր իրենց մաշկի գույն և զրահ դարձրին Քիրստոսի հավատքը», - ընդգծեց պատարագիչ Սրբազանը:
Քարոզի ավարտին Մուշեղ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասի և հավատավոր ժողովրդի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխոսությամբ երկար տարիների անսասան գահակալություն:
Այնուհետև Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալու առաջին «Ողջույն»-ը:
Նորընծա քահանա հայրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի առիթով Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության և արգասավոր հովվապետության համար:
Նմանատիպ նյութեր
2092 դիտում
16:16 13-09-2020
Սուրբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում կատարվեց քահանայական ձեռնադրություն
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված