1005 դիտում
20:22 17-03-2014
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:
Առավոտյան տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 150 երկրների խորհրդարանական պատվիրակություններ:
Առաջին նիստի թեման էր` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը»:
Դիմելով ներկաներին` ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Խոսքս ցանկանում եմ սկսել՝ շնորհավորելով մեզ բոլորիս հիշարժան տարեդարձի առթիվ: Այս տարի լրանում է Միջխորհրդարանական միության ստեղծման 125-ամյակը՝ կազմակերպություն, որն իր գոյության առաջին իսկ օրվանից հավատարիմ է իր իսկ հռչակած սկզբունքներին՝ խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ եւ ժողովրդավարություն: Սրանք այն գաղափարներն են, որոնք մշտապես գտնվել ու գտնվում են Միջխորհրդարանական միության ուշադրության կենտրոնում եւ դարձել են նրա հիմնասյուները:
1997թ. ընդունված «Ժողովրդավարության մասին» համընդհանուր հռչակագրում ասվում է. «ժողովրդավարացման գործընթացն ու ներկայացուցչական հաստատությունները խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման լավագույն միջոցներն են: Միջխորհրդարանական միությունը խթանում է համայն աշխարհում ներկայացուցչական կառավարման բազմակարծ համակարգերի հաստատումը»:
Միջխորհրդարանական միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հասարակության ամենախոցելի շերտերի՝ կանանց ու երեխաների հիմնախնդիրները, մասնավորապես, պատերազմի եւ հակամարտությունների ժամանակ, միգրանտների, բնապահպանական եւ բազմաթիվ այլ գլոբալ հարցերին նվիրված քննարկումները: Միջխորհրդարանական միությունն այն եզակի կազմակերպություններից է, որը զբաղվում է նաեւ պատգամավորների իրավունքների պաշտպանությամբ եւ հատուկ այդ նպատակով ստեղծել է առանձին հանձնաժողով:
Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել միջազգային հանրության առջեւ ծառացած մարտահրավերներին՝ լինի դա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, անվտանգության հետ կապված հարցեր, թե առանձին պետություններում ստեղծված իրավիճակներ՝ իր նպաստը բերելով վերոնշյալ հարցերի քննարկմանն ու առաջարկվող լուծումներին:
Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ընկած են նաեւ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքում: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրում տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք միտված են ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում կցանկանայի նշել երեք տարի առաջ Միջխորհրդարանական միության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երեխաների իրավունքներին նվիրված առաջին տարածաշրջանային համաժողովը: Երեւանը պատրաստ է հյուրընկալելու միջխորհրդարանական այլ կարեւոր միջոցառումներ եւս: Հուսով եմ, որ նորընտիր գլխավոր քարտուղարն այս հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում:
ՀՀ Ազգային ժողովում մեծ ուշադրություն է դարձվում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Մեր խորհրդարանը դարձել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի համար բազմակարծության ամբիոն: Այդ նպատակով խորհրդարանում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ, ստեղծվում հատուկ՝ ժամանակավոր հանձնաժողովներ, որտեղ եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության, եւ՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են մեր հասարակությանը հուզող խնդիրներ: Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ այն խորհրդարանները, որոնք հաջողությամբ հարաբերվում են քաղաքացիական հասարակության հետ, ավելի արդյունավետ են գործում: Հետամուտ լինելով այս մոտեցմանը՝ Հայաստանի Ազգային ժողովը գործնականում կիրառում է այդ սկզբունքը՝ ակտիվորեն ներգրավելով քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին:
Անդրադառնալով կազմակերպության եւ մեր այսօրվա օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին եւ բոլորիս համար մեծագույն արժեք հանդիսացող խաղաղությանը՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հարցի վրա:
Ձեզանից շատերը, անշուշտ, տեղյակ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա լուծման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մասին: Այդ նպատակով արդեն 20 տարի է, ինչ միջազգային մանդատով գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խմբի համանախագահները՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի, աշխատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների շրջանակներում՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, ինչը ենթադրում է հարցի փոխզիջումային լուծում:
Ցավոք, Ադրբեջանը նախապատվությունը տալիս է վերոնշյալ սկզբունքներից միայն մեկին՝ տարածքային ամբողջականությանը: Այդօրինակ մոտեցումը հակասում է խաղաղ կարգավորման գաղափարին եւ փակուղի մտցնում ամբողջ բանակցային գործընթացը: Ավելին, Բաքվից ամենաբարձր մակարդակով հաճախակի հնչող ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում ոչ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ոչ էլ կայունության ամրապնդմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը տարածաշրջանում՝ ի չիք դարձնելով միջազգային հանրության ջանքերը:
Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների՝ ԼՂՀ եւ ՀՀ ղեկավարությունը եւ ժողովուրդը հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ լուծմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն կայացած պետություն է, որի ժողովուրդը անցկացրել է մի քանի խորհրդարանական, նախագահական եւ ՏԻՄ ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ ու արդար: ԼՂՀ-ում ձեւավորվում է ժողովրդավարական հասարակություն, իրականացվում են լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, մեծանում է երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում իր հայրենիքը՝ Ղարաբաղը, Ադրբեջանի կազմում:
Հարգելի գործընկերներ, ժողովրդավարությունը հարատեւ չէ առանց ժողովրդավարական մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթություն, որի հիմնական պատասխանատվությունն ընկած է քաղաքական էլիտայի վրա: Մենք՝ պատգամավորներս, լինելով ժողովրդի ընտրյալներ, պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետեւ դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման եւ հասարակության համար ավելի բարեկեցիկ ապագա երաշխավորելու միակ ճանապարհն է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3238 դիտում
15:05 23-03-2018
Արա Բաբլոյանը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
1310 դիտում
19:35 16-10-2018
Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված