211652_close_icon
views-count1327 դիտում article-date 13:43 07-04-2014

Այսօր Սուրբ Աստվածածնի Ավետման տոնն է. Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ տոնի կապակցությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Սուրբ Աստվածածինը, ով «օրհնյալն է կանանց մեջ», առ Աստված հավատքի, մայրական հոգատարության, սիրո և նվիրումի ներշնչման աղբյուր և օրինակ է բոլոր կանանց համար: Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով և մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին և մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերը Սուրբ Տիրամոր գթառատ բարեխոսությամբ մեր մայրերին, քույրերին ու դուստրերին պարգևի քաջառողջ արևշատություն, երկնային ամենայն բարիք և շնորհներ` ջերմ հավատքով ապրելու իրենց կյանքը, հավատավոր գործերի օրհնությամբ լցնելու իրենց ընտանեկան հարկերը, պայծառություն բերելու մեր երկրին, ազգային և եկեղեցական մեր կյանքին:

Նմանատիպ նյութեր