1453 դիտում
18:11 11-04-2014
Նարեկ վարդապետ Բերբերյանն ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Գսաճըգյանի, թեմի պատգամավորական ժողովը մարտի 31-ին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանին:
Թեմական պատգամավորական ժողովի անդամներն իրենց գնահատանքն են հայտնել Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպոսին` 1980 թվականից սկսյալ թեմում իրականացրած նվիրյալ ծառայության համար: Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը առաջնորդական պաշտոնը թողել է առողջական խնդիրների բերումով հանգստյան կոչվելու պատճառով:
Բրազիլիայի հայոց թեմը հաստատվել է 1983 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Մինչ այդ Բրազիլիան 1933 թ.-ից գտնվում էր Հարավային Ամերիկայի Հայրապետական Պատվիրակության իշխանության ներքո: Թեմի տարածքում բնակվում են շուրջ 35 հազար հայեր: Թեմում գործում են երկու եկեղեցիներ` Սան Պաուլոյի Առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցին` կառուցված 1948 թ., Օզասկոյի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին` կառուցված 1930-35 թթ.:
Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը (ավազանի անունը` Վազգեն) ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 28-ին Բեյրութում, Լիբանան:
Ուսանել և 1981 թ. ավարտել է Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանը:
1981-1987 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառը «Ս. Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ»» թեմայով:
1986 թ. ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1988-1991 թթ. իր ուսումնառությունը շարունակել է Նյու Յորքի «Ս. Վլադիմիր» Ուղղափառ աստվածաբանական ճեմարանում` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան, և Նյու Յորքի «Ս. Ներսես» ընծայարանում: Միաժամանակ դաշնամուրի դասընթացների է հետևել Նյու Յորքի Կոնկորդիայի քոլեջում:
1991-1992 թթ. ծառայել է իբրև Նյու Յորքի Ս. Վարդան տաճարի լուսարարապետ` միաժամանակ աստվածաշնչագիտական դասընթացների հետևելով Նյու Յորքի Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում` ստանալով Խորհրդական Աստվածաբանության մագիստրոսի երկրորդ կոչումը:
1992 թ. հուլիսի 26-ին ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվում կուսակրոն քահանա:
1992-1993 թթ.` Հյուսթնի Ս. Գևորգ եկեղեցու հովվի օգնական:
1994 թ. նշանակվում է Ռիչմոնդի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:
Նույն տարում Հայր Նարեկը ստացել է Մասնավոր Վարդապետության աստիճան ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Վիրջինիայում ծառայելու ընթացքում Միացյալ աստվածաբանական ճեմարանում շարունակել է իր կրթությունը և ստացել Հովվական ծառայության դոկտորի աստիճան:
2000-2002 թթ. եղել է Հարթֆորդի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:
2003-2013 թթ. եղել է Բոքա Ռեյթոնի Ս. Դավիթ եկեղեցու հոգևոր հովիվ:
2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
Հոգևոր ծառայության ընթացքում Հայր Նարեկը դասախոսել է տարբեր հոգևոր կրթական հաստատություններում և համալսարաններում, նախաձեռնել է մի շարք կրոնական և մշակութային ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
20:44 09-06-2014
Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը
2523 դիտում
15:36 13-02-2022
Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ
2957 դիտում
23:58 13-02-2022
Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր