211652_close_icon
views-count1341 դիտում article-date 20:23 18-04-2014

Գագիկ Բեգլարյանն առաջարկեց ստեղծել տաքսու ոլորտը կարգավորող մասնագիտական հանձնաժողով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 18-ին հանդիպեց Վարորդների իրավունքների պաշտպանության «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանին, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների: Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացված հիմնական մտահոգություններն առնչվում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում առկա կարգավորում պահանջող խնդիրներին: Տաքսի ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էր այդ ոլորտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորման ընթացքը: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախարարությունը ևս մտահոգ է այդ խնդիրներով, որոնք կարգավորելու նպատակով էլ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Օրենքը նպատակ ունի բարեփոխել նաև մատուցվող ծառայությունների որակը: Ներկայացված բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալուց հետո Գագիկ Բեգլարյանն ընդգծեց բարեփոխումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն, այսօր արդեն ձեռնարկվող քայլերին զուգահեռ, ամենօրյա ուշադրության կենտրոնում կպահի տաքսու վարորդներին և սպառողներին հուզող խնդիրները, միջոցներ կձեռնարկի դրանց շուտափույթ և հիմնավոր լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր