211652_close_icon
views-count2616 դիտում article-date 14:35 19-04-2014

Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը: «Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը և մեր երկրի առաջընթացին: Մեզ համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որևէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, և որևէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու», - մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել և մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ: Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը և վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առևտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը և սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը: Մտքերի փոխանակության ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ: Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր