211652_close_icon
views-count1237 դիտում article-date 15:44 15-05-2014

ԱԺ-ում ԱԺ պատգամավորների, թատրոնների ղեկավարների, ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ քննարկում է անցկացվել

Մայիսի 15-ին Ազգային ժողովում՝ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, տեղի ունեցավ «Հայ-ռուսական թատերական հարաբերությունների խնդիրները եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, թատրոնների ղեկավարներ, ռեժիսորներ, դերասաններ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ռուսական մշակութային կապերին, երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ նրանք անդրադարձան թատրոնի արդիական խնդիրներին: ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ողջունելով թատերական գործիչներին ԱԺ-ում, նշեց, որ առաջիկայում խորհրդարանին կներկայացվի «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրինագիծը եւ հանդիպման նպատակն է քննարկել թատրոնի եւ նրա հետ սերտորեն առնչվող մարդկանց խնդրիներն ու կիսել նրանց մտահոգությունները: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց ոլորտին առնչվող օրենք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ ոլորտը կարգավորելու խնդիրը վաղուց է ծագել: Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հակոբյանը ներկայացրեց այսօր թատրոնի առջեւ ծառացած խնդիրները: Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ ժամանակն է՝ ունենալու թատրոնի եւ թատերական գործիչների շահերն ու հետաքրքրությունները պաշտպանող օրինագիծ: Թատերական գործիչները խոսեցին նաեւ մարզային թատրոնների խնդիրների մասին: Հեղինե Բիշարյանն առաջարկեց ձեւակերպել բոլոր առաջարկություններն ու դիտարկումները եւ ներկայացնել օրինագծի հեղինակներին: Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին հանդիպել այլ ձեւաչափով եւ քննարկել խնդիրներն ավելի հանգամանալից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր