1983 դիտում
13:09 23-05-2014
Թերի մատակարարված ջրի դիմաց կտրվի փոխհատուցում. «Երևան Ջուր» ՓԲԸ
Սկզբում՝ հաճելի նորություն սպառողների համար: Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Չարենցի 113 հասցեում տեղի է ունեցել ջրագծի վթար, որի հետևանքների վերացումը գերազանցել է սահմանված 36 ժամը: Եվ թեկուզ դա տեղի է ունեցել ոչ ընկերության մեղքով (ջրագծի վրա, ի խախտումն օրենսդրության, կառուցված է եղել եռահարկ շինություն, որը խոչընդոտել է աշխատանքների ընթացքին), Երևան Ջուր ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել պատահարի արդյունքում տուժած բոլոր 362 բաժանորդներին գործող կարգի համաձայն փոխհատուցել թերի մատակարարված ջրի գումարի քառապատիկի չափով: Ինչպես մյուս դեպքերում, ընկերությունն այստեղ ևս հստակորեն կատարում է Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա ապրիլին Գառնիի ջրաղբյուրում գրանցվել է արտակարգ պատահար: Քարաթափը վնասեց կապտաժներից մեկը, որտեղից ջրաղբյուրի պոմպակայանի երկու պոմպեր ստանում էին վայրկյանում 370 լիտր ջուր: Ճիշտ է, դրա փոխարեն անմիջապես գործարկվեցին երկու այլ պոմպեր՝ 260լ/վ հզորությամբ, սակայն սպառողներին մղվող ջրաքանակը վայրկյանում մոտ 110 լիտրով նվազելու պատճառով անմիջապես ջրատարից սնվող Նուբարաշեն և Ջրաշեն համայնքների ջրամատակարարումը վատթարացավ: Որպես հարցի հրատապ լուծում՝ հետագա մի քանի օրերին Գառնու ջրատարի 18.7կմ-ում տեղադրվեց 700մմ տրամագծով գծային փական, որի օգնությամբ հաջողվեց կարգավորել ջրի ճնշումն ու վերականգնել Նուբարաշենի և Ջրաշենի կանոնավոր ջրամատակարարումը:
Այլ արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Համակարգը գործել է կանոնավոր, իսկ իրականացված աշխատանքներն ուղղված են եղել առկա և առաջացող խնդիրների լուծմանը: Այսպես, Բագրատունյաց փողոցի 26 շենքի մոտ, որի վերջին հարկերում ցածր ճնշման պատճառով ջուր չկար, իրականացվել են գոտիավորման աշխատանքներ: Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում իրականացվել են համանման, իսկ Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքում՝ հոսակորստի վերացման աշխատանքներ: Արդյունքում՝ շահագործումից հանվել են որոշ քայքայված ջրագծեր, տնտեսվել է ջրաքանակ, ապահովվել է պահանջվող ճնշում ջրագծում և առավել հուսալի և պարզեցված շահագործում՝ ցանցում:
Ապրիլին ավարտվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի ջրամատակարարման համակարգի և «Զվարթնոց» օդանավակայանի վթարված ճնշումային կոյուղու վերակառուցումը: Իսկ մի շարք այլ վայրերում դրանք սկսվել կամ շարունակվել են: Այսպես, Եղվարդի Շիրակի փողոցի սնուցումն առ այսօր իրականացվում է տնամերձ հողամասերի միջով անցնող ջրագծի միջոցով, որը մասամբ կառուցապատված է տարբեր շինություններով, ինչն էլ անհնարին է դարձնում այդ ֆիզիկապես խիստ մաշված ջրագծի վթարված հատվածների վերանորոգումը: Այդ իսկ պատճառով ներկայումս ընկերությունը Շիրակի փողոցում կառուցում է 1030 մետր երկարությամբ 300մմ տրամագծով նոր ջրագիծ, որով արմատապես կլուծվի տարածքի ջրամատակարարման խնդիրը:
Վերակառուցվում է նաև վթարային վիճակում գտնվող Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Կենտրոնական փողոցի ջրագիծը: Իսկ հետագայում նախատեսվում է վերակառուցել նաև համայնքի մյուս ջրագծերը, որոնց շնորհիվ ոչ միայն կկանոնավորվի ջրամատակարարումը, այլև առկա զգալի հոսակորուստների դեմը կառնվի: Հոսակորուստներ են առկա նաև Նոր Երզնկա գյուղի 3-րդ փողոցի ջրագծերի վրա: Խողովակաշարերի ամբողջությամբ կորոզիայի ենթարկված լինելու պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարի վերացման աշխատանքներ: Ահա թե ինչու այստեղ կառուցվում է նոր ջրագիծ: Իսկ Փարաքարում, ջրագծերում ավելցուկային ճնշումների կարգաբերման և ջրակորուստների կրճատման նպատակով, արդեն կառուցվել է 110մմ տրամագծով 154 մետր երկարությամբ պոլիէթիլենային խողովակ: Առաջիկայում կկառուցվի նաև փականային հոր, որի մեջ տեղադրվելու է վերգետնյա հանգույցը, ինչպես նաև մեկ ուրիշը՝ ճնշման կարգավորիչի համար:
Ընկերությունում ուշադրության կենտրոնում են պահում նաև ներհամակարգային խնդիրները: Մասնավորապես, շարունակվում է Ծարավաղբյուրի սանիտարական գոտու վերակառուցումը, որտեղից ջուր է մատակարարվում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներին: Հաշվետու ժամանակահատվածում ջրընդունիչ խցի և նրա երկաթբետոնե պատերի մեջ մոնտաժվել են փականային հանգույցներ, կառուցվել է մոտ 400 գծամետր պողպատե խողովակաշար, վերանորոգվել է Հրազդանի ափի մոտ գտնվող դրենաժները, իսկ սանիտարական գոտին ցանկապատվել է մետաղական կոնստրուկցիաներով: Աշխատանքներն այստեղ նախատեսվում է ավարտել ամռան սկզբին:
Ընդհանուր առմամբ համակարգում ապրիլին կառուցվել է 40 մետր պոլիէթիլենային ջրագիծ, 370 մետր մետաղական ջրագիծ և 95 մետր կոյուղագիծ, փոխարինվել է 308 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 1302 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 599 ջրագծի վթար, 1628 կոյուղու վթար և 220 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 37 փական և 1 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 55 ջրաչափական հանգույց, մաքրվել է 21 դիտահոր և 893 անձրևաընդունիչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանում սպառողների 74,0%-ն ապահովված է եղել 23,5-24,0 ժամյա ջրամատակարարմամբ, 21,0%-ը՝ 17-23,5 ժամյա, իսկ 5,0%-ը՝ 12-17 ժամյա ջրամատակարարմամբ: Վարձակալության պայմանագրի մեկնարկի միջին ամսական ցուցանիշի նպատմամբ ապրիլին ջրառն աղբյուրներից նվազել է 24,7%-ով: Մինչդեռ ջրամատակարարման միջին տևողությունն այդ նույն ժամանակամիջոցում ավելացել է 24,1%-ով: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1469 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Համակարգում շարունակվել է աշխատանքը ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման ուղղությամբ: Բաժանորդների քանակն ապրիլին ավելացել է 220-ով և կազմել 355,917: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է 185,000 մ3-ով, իսկ մարտի նկատմամբ՝ 298 հազարով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով նախորդ ամսվա համեմատ աճել է 0,4 մ3-ով և կազմել 11,9 մ3: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքում կազմվել է 308 տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ Երևան Ջուր ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. ապրիլ ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0842241001400835643634872.jpg[/img]
Երևան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
16:41 20-01-2016
2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Երևան Ջուր» ընկերության կողմից մատակարարված ջրի որակի վերաբերյալ
1096 դիտում
16:25 17-04-2014
Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը
1029 դիտում
18:57 31-05-2014
Հրաչյա Քոչարի փողոցում ջրի տնտեսումը կկազմի 15 լիտր վայրկյանում. «Երևան Ջուր» ՓԲԸ
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»