211652_close_icon
views-count4590 դիտում article-date 14:12 28-05-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ «Վերնիսաժի» հայտնի միջադեպի և Ալիկ Սարգսյանի հետ չշփվելու պատճառների մասին

Եթե «Վերնիսաժում» հայտնի միջադեպին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներկա լիներ, կփորձեր վեճը խաղաղ ճանապարհով հարթել, այլ ոչ թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նման կասեր, թե ինքն էլ կկրակեր: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե նման իրավիճակում իր ուժերը չներեին պաշտպանվելու համար, գուցե ինքն էլ կրակեր: «Ես չգիտեմ՝ Ալիկ Սարգսյանն ինչ է ասել, բայց ես ամեն ինչ խաղաղությամբ կհարթեի եւ գործը սրան չէր հասնի: Ոստիկանությունը հիմա ուսումնասիրում է գործը, եւ մեղավորները կպատժվեն»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողները նրանից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու նախկին ոստիկանապետի հետ չի շփվում, ինչին ի պատասխան, արձագանքեց. «Ինքը շատ ժամանակ ունի, ես չունեմ, դրա համար էլ չենք հանդիպում»։ Վերջում, անդրադառնալով իր պաշտոնանկության լուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը խորհուրդ տվեց դմբո խոսակցություններին չհավատալ:

Նմանատիպ նյութեր