211652_close_icon
views-count1589 դիտում article-date 13:49 29-05-2014

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է վարչական և քրեական իրավախախտումների հարաբերակցությունը, դրանց միասնականությունն ապահովելու և հակասական իրավակիրառ պրակտիկայից խուսափելի անհրաժեշտությամբ: Գործադրի հավանությունն է ստացել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օրենքի երրորդ հոդվածի երրորդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկ, տուրք և վճար կատարելու խոչընդոտները (անհնարինությունը), ինչպես նաև ապահովել համայնքների բյուջեների մուտքերը: Կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մայիսի 7-ը Հայաստանում նշել իբրև Երիտասարդության տոն: Գործադիրը նպատակահարմար չի համարել այդ փոփոխությունը, քանի որ խորհրդարանն արդեն իսկ Ուսանողների և երիտասարդների օր է սահմանել մայիսի 16-ը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: Նիստում քննության է առնվել «Շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամտի շրջանառության հարկի վճարման պարտավորությունից: Կառավարությունն անընդունելի է համարել միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը կամ այդ հարկի վճարումից ազատումը և օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Նմանատիպ նյութեր