211652_close_icon
views-count1726 դիտում article-date 22:14 11-06-2014

Հայոց ցեղասպանության թանգարան` Բուենոս Այրեսում

Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի և Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո Բուենոս Այրեսի առաջնորդարանի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի քաղաքի կառավարության նախարարների խորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետան, Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների և եկեղեցիների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ակադեմիական և գիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների կառույցների ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում Բուենոս Այրես քաղաքի կառավարության և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն անդրադարձան հայ – արգենտինական քաղաքական և մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարևորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: Անդրադառնալով կառուցվելիք թանգարանի դերին ու նշանակությանը՝ բանախոսները կարևորեցին հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու, նոր սերունդների մեջ մարդու իրավունքների արժեքները սերմանելու, ինչպես նաև ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում թանգարանի բացառիկ առաքելությունը: Արգենտինահայ համայնքի անունից Բուենոս Այրեսի կառավարությանն ու քաղաքային իշխանություններին իրենց երախտագիտության խոսքը ասացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայ կենտրոնի նախագահ Ալբերտո Ջերեջյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի նախագահ Կառլոս Թուֆեկսյանը և հիմնադրամի անդամ Նելիդա Բուլգուրջյանը: Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթով հանդես եկավ արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեքյանը, ցուցադրվեց 1915–1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանության փաստագրության, ինչպես նաև Երևանում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին պատմող տեսահոլովակ:

Նմանատիպ նյութեր