211652_close_icon
views-count1676 դիտում article-date 21:46 12-06-2014

Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ

2014 թվականի հունիսի 12-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում անցկացվեց մամլո ասուլիս՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Դավիթ Լասուրաշվիլու կրոնական խտրականությունից և այլատյացությունից բխող արարքի կապակցությամբ: Վիրահայոց Թեմի իրավական հարցերով բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը խոսեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու որոշ հոգևոր ծառայողների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատացյալների դեմ ժամանակ առ ժամանակ խաղարկվող այլատյաց գործունեության մասին: Այնուհետև Թեմի հավատացյալ, ծնող Իննա Սուքիասյանը պատմեց, թե ինչպես երեկ, հունիսի 11-ին, քաղաքի տեսարժան վայրեր էքսկուրսիայի ժամանակ, Սիոնի եկեղեցի մտած իր 10 տարեկան դստերը հոգևորական Տեր Դավիթը արգելել է խաչակնքել Հայոց Եկեղեցու կարգով, ավելացնելով, որ Հայոց Եկեղեցի հաճախողները հեռու են Աստծուց և ցանկալի չէ նրանց ներկայությունը վրացական տաճարում: Նկատողությունից վիրավորված երեխան Եկեղեցուց դուրս է եկել: Նման քայլը դիտարկելով որպես խտրականության և այլատյացության դրսևորում, ծնողը սոցիալական ցանցի միջոցով իր զայրույթն է արտահայտել անչափահաս երեխային կրոնական և ազգային խտրականության զոհ դարձնելու համար: Մամլո ասուլիսի վարողը հավելեց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ նման մոտեցում է ամրագրվել Բաթումիի Նիկողայոս Հրաշափառի անվան ուղղափառ եկեղեցում, որտեղ Հայոց Եկեղեցու հավատացյալին թույլ չեն տվել պսակադրության արարողությանը մասնակցել: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նման քայլը չի գնահատվում որպես վերջերս Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված հակախտրականության օրենքի խախտում, Իննա Սուքիասյանը չբացառեց այդ հարցով ժողովրդական պաշտպանին դիմելու հնարավորությունը: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ

Նմանատիպ նյութեր