Քաղաքացիներին չի գոհացրել կանգառներում երաժշտություն լսելու հնարավորությունը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին այդ կանգառներում տիրող աղմուկի առթիվ «Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: ՈՒ պետք էլ չի: Ես նույնիսկ տանը այդ ռադիոները չեմ լսում, որովհետև գիտեմ, որ ինչ ասում են սուտ են ասում, բայց մի հատ էլ ստիպված եմ կանգառում կանգնած ժամանակ այս աղմուկին դիմանալ»,-ասաց դժգոհող կանանցից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ինչպես շատ բաներ Հայաստանում, այս դեպքում նույնպես գաղափարը լավն է, սակայն կատարումն է շատ վատը: «Երևի գնացել են եվրոպաներում ման են եկել ու որոշել են մեզ մոտ անել այսպիսի մի բան, բայց սրանք չեն հասկանում, որ սա արտաքին բան է, սա մարդկանց հարմարություն չի բերում: Եթե ուզում են, որ մարդիկ հաճույքով երթևեկեն կամ տրանսպորտ սպասեն, թող տրանսպորտի խնդիրները լուծեն, ոչ թե նույնը թողնեն ու մարդկանց ստիպեն փտած տրանսպորտում կռացած, բայց գեղեցիկ երաժշտության տակ երթևեկեն»»։