211652_close_icon
views-count7184 դիտում article-date 15:25 04-07-2014

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը 30 կգ-ով նիհարել է. անգամ Փայլակ Հայրապետյանն է նրան խղճում

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը 30 կիլոգրամով նիհարել է: Նրան տեսնողները չեն ճանաչում: Անգամ նրա գործողություններից սնանկացման եզրին կանգնած Աշոտ Սուքիասյանն է նրան խղճում, բայց չի պատրաստվում մեղադրանքը հետ վերցնել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա պատմեց, որ բնականաբար ինքն էլ է խղճում նրան: «Բնականաբար, խղճում եմ: Գիտե՞ք, քանի անգամ եմ զանգել ու ասել, որ հանդիպենք, խոսենք, որ նման իրավիճակի գործը չհասներ, բայց անընդհատ հետաձգում էր հանդիպումը: Հիմա էլ տեղյակ եմ, որ Աշոտ Սուքիասյանը իր ցուցմունքներով, ոչ մի հստակ բան չի ասում: Փորձում են գործը իմ դեմ շուռ տալ, բայց ոչինչ չեն կարող անել, քանի որ իրենք են ինձ սնանկացրել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ իրեն դեռ հարցաքննության եւ առերեսման չեն կանչել: Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը ասել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք, նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել էր. «Ոչ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 19-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը, և Ա. Սուքիասյանը կալանավորվել և տեղափոխվել էր Երևանի «Կենտրոն» ՔԿՀ: Հայտնել էինք նաեւ, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր