211652_close_icon
views-count2016 դիտում article-date 17:46 17-07-2014

Առավել ռիսկային ընկերությունները հայտնվել են «խոշորացույցի» տակ. ՀՀ Ֆիննախ

ՀՀ վարչապետի` գործարարների հետ հայտնի հանդիպմանը կարևորված մի շարք ուղղություններով իրականացվող միջոցառումների շրջանակում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, հուլիսի 1-ից Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ են իրականացվում առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Նպատակն է՝ տնտեսվարողների մոտ ամրագրել հարկային հաշիվների պարտադիր դուրսգրման գործելաոճը: ՀՀ ՖՆ ՕՀ և ՆԱ գլխավոր վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի խոսքով` իրականացված միջոցառումների և վարչարարության արդյունքում այդ ուղղությամբ հուլիսի առաջին տասնօրյակում արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել. «Եթե 2013-ի հուլիսի 1-10-ը ընկած ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից դուրս է գրվել շուրջ 260 հազար հարկային հաշիվ, ապա 2014-ի նույն ժամանակաշրջանում՝ մոտ 400 հազար՝ ապահովելով շուրջ 54 տոկոս աճ: Ընդ որում, հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների և ծառայությունների գումարը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 2014-ի նույն ժամանակաշրջանում աճել է մոտ 48 տոկոսով` համապատասխանաբար կազմելով` 2013-ին շուրջ 60 միլիարդ դրամ, իսկ 2014-ին` մոտ 89 միլիարդ»: Վարչարարական միջոցառումների արդյունքում ակնհայտ տարբերություն է նկատվել նաև 2014-ի հուլիսի առաջին տասնօրյակում՝ հունիսի նույն ժամանակահատվածի համեմատ. Խոսքն, ըստ Մելքոն Աղաջանյանի, 400 հազար հարկային հաշվի և համապատասխանաբար 300 հազարի մասին է. աճը կազմել է ավելի քան 34 տոկոս: Իսկ հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների և ծառայությունների գումարը, ներառված ԱԱՀ-ն, հուլիսի առաջին տասնօրյակում կազմել է ավելի քան 88 միլիարդ դրամ՝ հունիսի նույն ժամանակահատվածում` 65 միլիարդի դիմաց, աճը՝ 36.5 տոկոս: ՕՀՎ-ի կողմից 2014 թվականի հուլիսի 1-ից թիրախային 45 տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում միանգամից ավելացել է հարկային հաշիվների քանակը. 2014-ի հունիսին օրական միջին դուրս է գրվել 5 174 հարկային հաշիվ, այնինչ միայն հուլիսի առաջին տասնօրյակում` շուրջ 100 հազար կամ միջինը օրական դուրս է գրվել 10 հազար հարկային հաշիվ: «Իրականացվող հսկողական և վարչարարական միջոցառումների նպատակը գործարքների համատարած փաստաթղթավորումն է, ինչն էլ կբերի ստվերային տնտեսության կրճատման: Սակայն դեռևս կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չեն գիտակցում իրականացված միջոցառումների լրջությունը և շարունակում են չփաստաթղթավորված գործարքները»,-ընդգծել է վարչության պետի տեղակալը: Հուլիսի 1-10-ի ընթացքում ՕՀՎ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով 61 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքում կամ տեղափոխում, ինչի արդյունքում կազմվել են 27 միլիոն դրամի վարչական ակտեր: Վարչության կողմից հսկողական աշխատանքները շարունակվում են, առանձնակի ուշադրություն է դարձվում սեզոնային գործունեության նկատմամբ (պաղպաղակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքի արտադրություն և իրացում): Առաջիկա 15 օրերին թիրախային հսկողություն կիրականացվի նաև ներմուծող և արտադրող այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ: ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր