2497 դիտում
13:33 03-08-2014
«Փյունիկ»-ի մեքսիկացի նորեկի բացառիկ հարցազրույցը
«Փյունիկի» նորեկ Սեզար Ռոմերոն այսօր դառնում է 25 տարեկան: Օրերս երևանյան ակումբի հետ պայմանագիր ստորագրած հարձակվողն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է անցկացնում տարեդարձը, ինչպես նաև վստահեցրեց, որ լիովին մերվել է նոր թիմին:
-Սեզար, շնորհավորում ենք տարեդարձդ: Ինչպե՞ս ես նշում:
-Սկսել եմ նշել երեկվանից. թիմակցիս՝ Հովոյի հետ հաճելի ընթրիք ունեցանք: Իսկ այսօր հանգստանում եմ ամբողջ օրն ու կարդում եմ տնից ընկերներիս, ընտանիքիս ուղարկած նամակներն ու շնորհավորանքները: Փոքր ինչ տխուր եմ, քանի որ կարոտում եմ որդուս…
-Չորս ամյա կրտսեր Սեզարը, կարծես թե, նույնպես տարված է ֆուտբոլով, շարունակելու՞ է հայրիկի ճանապարհը:
-Շատ հուսով եմ: Փոքր հասակից նա շատ է սիրում ֆուտբոլ: Ամեն անգամ, երբ հեռուստացույցով տեսնում էր ինձ, շատ էր ուրախանում, հիմա ասում է, որ ուզում է հայրիկի պես լինել: Հուսանք, այդպես կլինի:
-Իսկ դու ինչպե՞ս ես կատարել առաջին քայլերդ ֆուտբոլում, կարո՞ղ ես ներկայացնել մի քանի բառով:
-Երկար ճանապարհ եմ անցել և մի քանի բառով ներկայացնելը բարդ է: Ծնողներս ասում են, որ երբ դեռ չէի կարողանում քայլել, արդեն վազում էի գնդակի հետևից: Ֆուտբոլ խաղացել եմ ամբողջ կյանքս: 13 տարեկանից սկսեցի պրոֆեսիոնալ կարիերաս: Թողեցի տունս ու տեղափոխվեցի Մորելիա քաղաք՝ Մեքսիկայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մոնարկաս» ակումբ: 15 տարեկանում տեղափոխվեցի 2-րդ դիվիզիոնի «Տիգրես», ապա վերադարձա Միացյալ Նահանգներ: Խաղացել եմ ԱՄՆ Մ15, Մ17, Մ18, Մ20 հավաքականներում: Հանդես եմ եկել Գերմանիայում, ապա հրավիրվեցի «Չիվաս»՝ խաղալու ՄԼՍ-ում մեկ մրցաշրջան, ինչից հետո վերադարձա Մեքսիկա: Հիմա երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ելույթ ունենալ «Փյունիկում»:
-Հե՞շտ տրվեց Հայաստան տեղափոխվելու որոշումը, ի՞նչ գիտեիր մինչ այդ Հայաստանի մասին:
-Գործակալս է ինձ այստեղ բերել: Ճիշտ է, մեծ փոփոխություն է, բայց, ինչպես ասեցի, երջանիկ եմ այս նոր հնարավորության համար՝ շարունակելու սիրածս գործը, աճելու որպես ֆուտբոլիստ ու կենդանի պահելու իմ երազանքը: Հայաստանի մասին շատ բան չգիտեի մինչ գալս, թեև հայ ընկերներ ունեմ Լոս Անջելեսում, ինչպես նաև նախկին ընկերուհուս հայրը հայ էր: Միայն այսքանը:
-Կարո՞ղ ես ասել, որ արդեն հարմարվել ես թիմում: Կողքից, ամեն դեպքում, նման տպավորություն է ստեղծվում:
-Այո, հավատացած եմ, որ այդպես է: Բոլորը հիանալի մարդիկ են, թիմակիցներս ու մարզիչները շատ ջերմ ընդունեցին ինձ հենց առաջին իսկ մարզումից: Մի փոքր դժվար է լեզվի հարցում, բայց դա հաղթահարելի է: Ես շատ հետևողական եմ ու ուշադիր ուսումնասիրում եմ կատարվող ամեն ինչ, բացի այդ միշտ պատրաստակամ տղաներ կան, ովքեր օգնում են ու թարգմանում, երբ կարիք կա: Այնպես որ խնդիր չկա:
-Հասցրել ես երկու ընկերական խաղի մասնակցել «Փյունիկի» կազմում, որոնք, կարծում եմ, ինչ-որ չափով օգնել են պատկերացում կազմել հայկական ֆուտբոլի մասին: Կկիսվե՞ս տպավորություններով:
-Կցանկանայի առայժմ շրջանցել այս հարցը: Միայն կասեմ, որ վստահ եմ՝ մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում:
-Արդեն երկու շաբաթ է Երևանում ես, հասցրե՞լ ես շրջել քաղաքով:
- Շատ չեմ զբոսնել: Մի քանի սրճարաններում եմ եղել, հանդիպել եմ լավ մարդկանց: Մեծամասամբ դուրս չեմ գալիս, քանի որ անասելի շոգ է… Հուսով եմ՝ շուտով քաղաքը ճանաչելու ավելի լավ հնարավորություն կունենամ:
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
19:21 31-07-2014
«Փյունիկ»-ը պայմանագիր ստորագրեց մեքսիկացի հարձակվողի հետ
4319 դիտում
13:19 25-01-2015
«Մանչսթեր Սիթի»-ի նորեկի ֆենոմենալ հնարքը. տեսանյութ
10321 դիտում
23:47 13-01-2018
«Բարսելոնայի» նորեկի անունը դրել են հայտնի մուլտֆիլմի հերոսի պատվին
Այս բաժնից
2815 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2338 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2635 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ