«Հըզբոլլահ»-ը առաջարկում է միջամտել Սիրիայի պատերազմին և կասեցնել «Իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացումը
««Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական կազմակերպությունը չափազանց լուրջ վտանգ և սպառնալիք է ոչ միայն Սիրիայի, Իրաքի և Լիբանանի, այլ նաև բոլոր այն երկրների համար, որտեղ կան ծայրահեղական իսլամի և «Ալ-Քաիդա»-ի կողմնակիցներ և հետևորդներ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրուլլահը:
Վերջինիս խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումը վերածվել է մի հրեշի, որի համար գոյություն չունի ոչ մի սահման, որը գնալով զորեղանում է՝ ահ ու սարսափ տարածելով ամենուր:
«Հըզբոլլահ»-ի առաջնորդը հատկապես ընդգծել է այդ կազմակերպության անդամների կողմից խաղաղ բնակիչներին գազանաբար սպանելու, Իրաքում եզդի կանանց և երեխաներին ողջ-ողջ թաղելու փաստերը, որոնք իրականացվում են նույնիսկ մզկիթներում:
Նասրուլլահը հանդես է եկել սիրիական կանֆլիկտին ի պաշտպանության սիրիական բանակի «Հըզբոլլահ»-ի միջամտության առաջարկով:
«Եթե մենք 1 տարի առաջ Էլ-Քուսեյրում և Քալյամունեում պայքարի մեջ չմտնեինք, ապա «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայիններն այսօր հասած չէին լինի Բեյրութ և ծովափնյա տարածքներ»,-ասել է Նասրուլլահը: