211652_close_icon
views-count2056 դիտում article-date 15:49 06-09-2014

Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտթևի նախաձեռնած միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը

Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը։ Այն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հետ համագործակցաբար։ Համաժողովին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն (իշխանական և ընդդիմադիր)։ Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպել և ՀՀ կառավարության բարեփոխումները ներկայացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Պարոն Գաբրիելյանը նշում է, որ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը մանրամասնորեն պատկերացնեն կառավարության գործառույթներն ու նրա կողմից իրականացվող ջանքերը՝ իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ խիստ ցանկալի է, որպեսզի դա սկսի հենց երիտասարդներից։ Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով համաժողովի շրջանակներում ընդդիմադիր երիտասարդների հետ հանդիպում-քննարկմանը, նկատեց, որ այն արդյունավետ էր, և երկխոսությունը ստացվեց։ Այսօր երիտասարդ քաղաքական գործիչներն անդրադարձել են PR տեխնոլոգիաներին, «ԶԼՄ-ները՝ որպես քաղաքական գործընթացների դերակատար», «Հանրային խոսք և հռետորաբանություն» թեմաներին։ Այս թեմաների շուրջ դասախոսություններ են կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը, առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը։ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ երիտասարդ քաղաքական գործիչների համար PR տեխնոլոգիաներին տիրապետելը խիստ անհրաժեշտ է։ «Կարևոր է, որպեսզի երիտասարդները կարողանան թիմային աշխատանք ձևավորել, ճիշտ արտահայտեն սեփական մտքերը և ստեղծարար լինեն։ Հետաքրքիր էր լսել տարբեր կուսակցությունները ներկայացնող երիտասարդների մոտեցումներ»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը՝ շեշտելով երկրի տարբեր քաղաքական ուժերի, հատկապես երիտասարդ գործիչների միջև հաղորդակցային և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը։ Եռօրյա համաժողովի ընթացքում տեղի կունենա նաև միջկուսակցական քննարկում, որը կանցկացվի World Cafe («համաշխարհային սրճարան») տեխնոլոգիայի կիրառմամբ։ Բոլոր մասնակիցները տարբեր թեմաների շուրջ ոչ ֆորմալ մթնոլորտում կիրականացնեն քննարկում և կփորձեն գտնել կուսակցությունների միջև առկա տեսակետների ընդհանուր եզրեր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ժողովրդագրական հիմնախնդիրները և այլն։ Նշենք, որ «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական երիտասարդական համաժողովը կյանքի է կոչվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հայտարարած մրցույթում հաղթեքու արդյունքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր