22699 դիտում
22:29 11-09-2014
Խոշոր ավտովթար Արծվի արձանի հարևանությամբ. բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 24-ամյա Ալեքսանդր Միրզոյանի վարած ԲՄՎ մակնիշի 31 VM 333 համարանիշի եւ 27-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Մերսեդես մակնիշի 30 VP 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, ու մինչ վարորդները վթարի վայրում սպասում էին մեծն ԱՊՊԱ-ին, Սեւանից դեպի Երեւան ընթանալիս Երեւանի բնակիչ, 37-ամյա Հակոբ Մովսիսյանը իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 24 OL 366 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Մերսեդեսին, այնուհետեւ դուրս եկել բաժանարար երթեւեկելի գոտի եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով Ֆորդի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի եւ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով, ովքեր ավտոմեքենաները հոսանքազրկեցին, դադարեցրեցին կողաշրջված Ֆորդ-Տրանզիտից դուրս թափվող դիզվառելիքի արտահոսքը, իսկ վերջում ճանապարհային ոստիկանների եւ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան վերամբարձ կռունկով ուղղեցին, որը քննիչի հանձնարարականով մյուս ավտոմեքենաների հետ տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժին՝ Հատուկ պահպանվող տարածք: Ժամանել էին նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը քննիչի եւ փորձագետի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները կատարեցին նաեւ ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ մեծ քանակի դիզվառելիք էր թափվել ճանապարհին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+