211652_close_icon
views-count1076 դիտում article-date 15:55 16-09-2014

ԱԺ փոխնախագահն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին

Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին: Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ և հույն ժողովուրդների դարավոր և բարեկամական հարաբերությունները, կարևորեց դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաև երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար: Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարևորեց տարբեր միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ տարակուսելի է հույն որոշ պատգամավորների վարքագիծը, որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը, խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա: Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշեց, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատեց, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրեց ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք ՙԽորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության՚ գիտաժողովին, որը նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-23-ին՝ Երևանում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր