211652_close_icon
views-count1235 դիտում article-date 19:46 16-09-2014

Ժամանակն է Ղարաբաղյան բանակցությունները տեղափոխել այլ մակարդակի. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանում է: Այս անգամ առանց ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների: Ուորլիքն ասել է, որ արդեն ժամանակն է Ղարաբաղյան բանակցությունները տեղափոխել այլ մակարդակի: - Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը, գիտի, թե մենք ինչ ենք ուզում այս գործընթացում: Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում: Մենք անհանգստանում ենք զենքի և զինամթերքի կուտակմամբ: Մենք անհանգստանում ենք շփման գծում տեղի ունեցած միջադեպերի համար և հասկանում ենք, որ զինադադարը պետք է հարգվի: Նման կարևոր խնդրի շուրջ բանակցությունները երբեք էլ հեշտ չեն, բայց ինչպես ես եմ նշում, շատ լավ պատուհան կա հիմա, - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ուորլիքը նշել է, որ երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն հրադադարը և աշխատեն, որ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած դեպքերն այլևս չկրկնվեն: - Ժամանական է, որ բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա, արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները, երբեմն, հանդիպեն: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և դա պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի, ու մենք պատրաստ ենք նրանց աջակցել: Մենք չենք ուզում նախանշել վերջնական արդյունք, մենք ուզում ենք, որ լինի գործընթաց, որը կտանի հարցի լուծման, - ասել է Ուորլիք: Ուորլիքի խոսքով` կողմերը պետք է հարգեն զինադադարը, և եթե ուզում են հաստատուն և երկարատև խաղաղություն, պետք է հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33718]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր