211652_close_icon
views-count1412 դիտում article-date 22:24 16-09-2014

Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում վերաբացվեցին հայագիտության առարկաները

Սեպտեմբերի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հայագիտության առարկաների դասընթացի վերաբացման վերաբերյալ: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, չեխական կողմից՝ համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման: Կարլի համալսարանում հայագիտության դասավանդումն ավանդույթներ ունի: Տարբեր տարիների (1953թ. և 1996թ.) բացվել է ամբիոն կամ անց է կացվել դասախոսությունների շարք: Կարևորելով համալսարանում հայագիտության դասավանդման ավանդույթների վերականգնումը` Հայաստանի կառավարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է կայացրել ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարլի համալսարանին՝ դասավանդումը վերսկսելու նպատակով: 2014-2015թթ. ուսումնական տարվա ընթացքում չեխ ուսանողներին կառաջարկվեն հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի և աշխարհագրության դասընթացներ: Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին` ռեկտոր Զիման նշեց, որ չափազանց կարևորում է հայագիտության առարկաների դասավանդման վերսկսումը և հայալեզու գրականության գրադարանի վերականգնումը համալսարանում: Դեսպան Սեյրանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հայագիտության առարկաների դասավանդումը սկսելու հարցում չեխական կողմի պատրաստակամության և հետաքրքրության համար` նշելով, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, հատկապես կրթության և գիտության բնագավառում: Դեսպանն առաջարկեց առաջիկայում ուսումնասիրել Պրահայի Կարլի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապ հաստատելու հնարավորությունները՝ հետագայում ուսանողների միջև փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման նպատակով: Արարողությանը և հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը։

Նմանատիպ նյութեր