211652_close_icon
views-count1389 դիտում article-date 23:11 16-09-2014

Հայկական գորգարվեստի և ասեղնագործության նմուշների ցուցահանդես և գիտաժողով Վիեննայում

Սեպտեմբերի 15-19-ը Վիեննայի կենտրոնում գտնվող «Պալե Սան Սուսի» հանդիսությունների սրահում ընթանում է Արևելյան գորգարվեստի միջազգային կոնֆերանսի և Մանածագործական արվեստի ուսումնասիրությունների ընկերության կողմից համատեղ կազմակերպված Արևելյան գորգարվեստին նվիրված միջազգային գիտաժողովը, որն ուղեկցվում է հայկական ասեղնագործությանը և գորգարվեստին նվիրված ցուցահանդեսով: Միջոցառումը կազմակերպվել է Ավստրիայում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում տեղակայված Հայկական գորգարվեստի ընկերության, ՀՀ Մշակույթի նախարարության և Վիեննայում գործող «Գևորգ և Ազնիվ Թելֆեյան» գորգագործական ցուցասրահի ջանքերով: Միջոցառման բացման արարողությանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկայացնելով Արցախի, ներկա, պատմական Հայաստանի և հարակից տարածքներից սերող հայկական գորգարվեստի և ասեղնագործության եզակի ցուցանմուշների շուրջ 4-դարյա ընդգրկումը` դեսպան Կիրակոսյանը միաժամանակ անդրադարձավ ցուցանմուշների տեղակայման աշխարհագրությանը՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, որոնց հավաքագրումը կատարվել է վիեննաբնակ գորգագետ Արթուր Թելֆեյանի ջանքերով: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետ-գիտնականների առջև գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտաշխատող, տիկին Լորըն Առնոլդը, ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնող Հայաստանի Ժողովրդական արվեստի կենտրոնի փորձագետ, դոկտոր Աշխունջ Պողոսյանը, Փարիզում տեղակայված «Աշճյան» տեքստիլ արվեստի ցուցասրահի սեփականատեր, ֆրանսիաբնակ Պերճ Աշճյանը: Ողջույնի ուղերձով հանդես եկավ ԱՄՆ պատվիրակության կազմում Վիեննա ժամանած Հայկական գորգարվեստի ընկերության նախագահ, պարոն Ջոզեֆ Բեզջյանը: Միջոցառման մասնակիցներին տրամադրվեց հատուկ այս գիտաժողովի և ցուցահանդեսի համար հրատարակված ցուցադրված գորգերի նմուշների անվանացանկը՝ հայկական գորգի պատմության ներկայացմամբ: Գիտաժողովին և ցուցահանդեսի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էր Հայաստանից և Արցախից ժամանած պատվիրակությունը՝ Հայաստանի Ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի գլխավորությամբ: Գիտաժողովին և ցուցահանդեսին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև գորգագիտության հարցերով մասնագիտացած միջազգային գիտական հանդեսների խմբագրությունները («JOZAN Magazine», «HALI Magazine» և այլն):

Նմանատիպ նյութեր