211652_close_icon
views-count1060 դիտում article-date 17:36 30-09-2014

Արտերկրի մեր հայրենակիցների հետ skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը

Սեպտեմբերի 30-ը skype-ի միջոցով արտերկրի մեր հայրենակիցների հետ հերթական ուղիղ կապի օրն էր: Ժամը 10-ից 12-ը նրանց հարցերին պատասխանեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Մնացական Բիչախչյանը: Նրան ուղղվեցին մեկ տասնյակից ավելի հարցեր: Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր վեց հայրենակիցների հետաքրքրում էր ՌԴ իշխանություններին այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկացնելու կարգը: Նրանց պարզաբանվեց, որ ՌԴ-ում ընդունվել է օրենք, որի համաձայն՝ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք պարտավոր են մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 4-ը համապատասխան միգրացիոն ծառայությանը գրավոր տեղեկացնել այդ մասին: Մեր հայրենակիցները թյուր կարծիքի էին, թե ՌԴ նոր օրենքով պարտադրվում է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, մինչդեռ օրենքը նման պահանջ չի ներկայացնում, այն վերաբերում է միայն տեղեկացմանը: 1993 թվականից Իսրայելում բնակվող եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցը ցանկանում էր ստանալ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նրան հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը, որը եւ պարզաբանվեց: ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու կարգն էր հետաքրքրում Ռուսաստանում բնակվող մեր մեկ այլ հայրենակցի: Հարցերը բազմաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 10-ից 12-ը: Հիշեցնենք, որ արտերկրի մեր հայրենակիցների հետ սկայպի միջոցով ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի՝ Երեւանի ժամանակով 10-ից 12-ը։ Ոստիկանության skype-ի հասցեն՝ Armenian Police Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր