211652_close_icon
views-count1508 դիտում article-date 22:53 04-10-2014

Հայտնի են «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հաղթողները. Գրան պրին մնաց Հայաստանում

Ամփոփվեց հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորում մեկնարկած «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԵԹԿԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նախ հայտարարվեցին դիպլոմների արժանացած ֆիլմերի անունները, որոնց հեղինակներին հանձնվեցին դրամական պարգևներ, այնուհետ հայտնի դարձան նաև սահմանված անվանակարգերում հաղթողներն ու Գլխավոր մրցանակի հասցեատերը: Հիշեցնենք, որ ներկայացված 118 ֆիլմից ընտրվել էր 60-ը: Դիպլոմների արժանացած ֆիլմերն են` «Սևի երանգը» / վավերագրական/ ռեժ.` Անժելա Բադալյան/ Հայաստան «Նա ով մեր կողքին է» / վավերագրական / ռեժ.` Ժաննա Նազարյան/ Հայաստան «Փակիր աչքերդ» / խաղարկային/ ռեժ.` Նելլա Վասիլևսկայա/ Բելառուս «Դոն Ժուան. Առասպելի պատմություն»/ վավերագրական/ ռեժ.` Վլադ Տրիֆոնով/ Ուկրաինա «Չորս կին» /խաղարկային /ռեժ.` Անտոն Կոլոմեեց/ Ռուսաստան «Փոխարենը տրված» /վավերագրական/ ռեժ.` Սոֆիա Գևեյլեր/ Ռուսաստան «Ռոք» /խաղարկային/ ռեժ.` Իվան Շահնազարով/ Ռուսաստան «Դեպի փոփոխություններ» /վավերագրական/ ռեժ.` Սամվել Մքոյան, «Մանանա » կենտրոն/ Հայաստան «Աղբյուր»/ վավերագրական/ ռեժ.` Շարիֆա Ուրազբաևա/ Ղազախստան «Ռոբոտ Ջեֆը» / ռեժ.` Ադամ Հոլմս/ ԱՄՆ «Մայրը» /վավերագրական/ ռեժ.` Հասմիկ Ղազարյան/ Հայաստան Հայկական ազգային կինոակադեմիայի «Հույս» մրցանակը հանձնվեց Հայաստանից Անետա Օհանջանյանին` եզդիների մասին պատմող «Մի ազգի պատմություն» վավերագրական ֆիլմի համար: Ինչ վերաբերում է անվանակարգային մրցանակներին, ապա լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց Գառնիկ Կարապետյանի «Հայաստան երկիրս» ֆիլմը, խաղարկայիններից լավագույնը Բելառուսից Դիմա Դեդոկի «Միայնություն» ֆիլմն էր, իսկ լավագույն դեբյուտայինը գերմանացի ռեժիսոր Մարգարետա Կոսմոլի «Քույրերը»: Գլխավոր մրցանակին (Գրան պրի) արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու երազանքով տարված երիտասարդների մասին, որոնք լքում են իրենց փոքրիկ հայրենիքը, հայրական տունն ու ծեր ծնողներին, վերջիններիս համար իսկական աղետ է ոչ այնքան ֆինանսների բացակայությունը, որքան հարազատների, հատկապես` թոռների կարոտը: Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը հպարտությամբ նշեց, որ հայ երիտասարդ ռեժիսորների մատը երկրի զարկերակի վրա է` բանտ, լքված ծերեր, երեխաներ և, որ նրանք մոտ են կանգնած ազգային արմատներին: Ժյուրիի նախագահ Ռուբեն Քոչարն էլ իր հերթին ընդգծեց հայ երիտասարդների յուրահատուկ, տարբերվող կինոմտածողությունը, որը հորդորեց ամրապնդել և զարգացնել: Ինչ վերաբերում է փառատոնի ընդհանուր մակարդակին` տեխնիկական, կազմակերպական, բովանդակային, Ռուբեն Գևորգյանցը հայտարարեց. «Ես ուզում էի նոր շունչ լինիեր, ուստի որոշեցի, որ բոլոր հարցերով զբաղվելու են միայն երիտասարդները: Ես նրանց հինգ եմ նշանակում` փոքր մինուսով, հինգն արդեն բարձր գնահատական է»:

Նմանատիպ նյութեր