211652_close_icon
views-count899 դիտում article-date 19:49 13-10-2014

Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին եւ կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու են հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Այսօր ներկայացվող համերգային ծրագրում կկատարվեն Ավետ Տերտերյանի անտիպ ստեղծագործությունները։ Անձնական արխիվներից մենք կարողացանք ձեռք բերել եւ թվայնացնել Տերտերյանի դեռեւս չկատարված ստեղծագործությունները, ինչը կարեւոր ձեռքբերում է երաժշտական աշխարհի համար։ Ինձ համար շատ կարեւոր է, որ Ա. Տերտերյանի երաժշտությունը հնչելու է Երիտասարդական նվագախմբի կատարմամբ եւ հնչելու է ոչ միայն Հայաստանում: Փառատոնից դուրս մենք Տերտերյանի գործերը կկատարենք նաեւ արտասահմանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը ողջունեց այն փաստը, որ Երիտասարդական նվագախմբի կողմից կատարվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա նշեց, որ Ավետ Տերտերյանը համարվում է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա հոբելյանը նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները հնչում են ամբողջ աշխարհում: Արամ Սաթյանը հույս հայտնեց, որ շատ կոմպոզիտորների այս փառատոնը կոգեւորի։ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, անդրադառնալով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին, նշեց, որ այն բնույթով եզակի է եւ տարբերվում է փառատոնի մասին մեր ավանդական պատկերացումներից նախեւառաջ այն պատճառով, որ այնտեղ հնչում են այսօր ստեղծագործող կոմպոզիտորների գործերը, շատ պրեմիերաներ, եւ փառատոնը հայ երաժշտասերի համար ոչ միայն ապահովում է երաժշտական հրավառություն, այլեւ իր լուրջ նպաստն է ունենում ընդհանուր մշակութային կյանքի, առօրյայի շարունակականության ապահովման եւ զարգացման մեջ՝ հենվելով մեր հարուստ կոմպոզիտորական ավանդույթների վրա։ Փառատոնի համերգային երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվեն հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ: Փառատոնը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 11-ը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր