1338 դիտում
16:26 14-10-2014
Օստեոպորոզի արդի խնդիրներն ուշադրության կենտրոնում. մեկնարկել է 8-րդ ամենամյա գիտաժողովը
Հոկտեմբեր 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է, որին ընդառաջ «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ իր աշխատանքներն է սկսել 8-րդ ամենամյա գիտաժողովը: Միջոցառմանը իր թիմակիցների հետ մասնակում է նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը բացման խոսքում նշել է, որ այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն ութերորդ անգամ է նման միջոցառում է նախաձեռնում վկայում է այս հիվանդության դեմ պայքարի գործում մեր երկրի ձևավորված ավանդույթների մասին:
«Օստեոպորոզը հանրային առողջապահական խնդիր է, որը պետությունը պահում է իր ուշադրության կենտրոնում: Նման գիտաժողովները գիտելիքների, փորձի, տեղակատվության փոխանակման համար լավ հնարավորություն են»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը:
«2007 թվականին, երբ մենք առաջին անգամ էինք Հայաստան եկել, այստեղ դեռ գրեթե ոչինչ չգիտեին այս հիվանդության մասին: Չկային դենսիտոմետրեր, չկար ախտորոշում եւ բուժում: Այսօր, 7 տարի անց, արդեն 7 դենսիտոմետր է գործում Երեւանում, մեկը՝ Գյումրիում, ևս մեկը՝ Ղարաբաղում», - մասնագետների հետ իր տպավորություններով է կիսվել Ջոն Բելեզիկյանը:
Նրա խոսքով` ի տարբերություն 2007 թվականի, այժմ Հայաստանը օստեոպորոզի դեմ պայքարում էական առաջընթաց է ապրել:
«Օստեոպորոզի ախտորոշման գործում դենսիտոմետրերը մեծ դերակատարում ունեն, քանի որ մարդու ոսկրերի խտությունը չափելու և նույնիսկ նախքան կոտրվածքների ստացումը հիվանդությունը հայտնաբերելու հնարավորություն են ընձեռում»,- նշել է պրոֆեսորը` հավելելով, որ դենսիտոմետրերով հագեցվածությամբ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջատար է:
Անվանի մասնագետը կարևորել է բժշկական և կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը, ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացումը:
Գիտաժողովի շրջանակում անդրադարձ կատարվեց օստեոպորոզին վերաբերող արդիական թեմաների: Ներկայացվեցին հիվանդության բուժման կլինիկական և գիտական ձեռքբերումները, նորագույն միջազգային փորձը: Զեկուցումներով հանդես եկան առաջատար մասնագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նպատակն է Հայաստանում առավել խորքային ուսումնասիրել օստեոպորոզը, գործընկերների հետ համագործակցության շնորհիվ նպաստել հիվանդների և բժիշկների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, վաղ հայտնաբերմանն ու ախտորոշմանը, ինչպես նաև բարելավել ոլորտում մատուցվող բժշկական օգնության որակը, անցկացնել լայնածավալ սկրինինգային ծրագրեր:
Ասոցացիան իր գործունեության յոթ տարիների ընթացքում կազմակերպել է մի շարք դասախոսություններ` մասնագետների միջոցով ներկայացնելով հիվանդության կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները:
Կրթական հաստատություններում, ոչ բժշկական տարբեր կազմակերպություններում մասնագիտական այս միավորումը անցկացրել է տասնյակ միջոցառումներ, որոնք նվիրված էին կալցիումով հարուստ սննդին, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությանը: Ասոցացիան նախաձեռնել է նաև անվճար խորհրդատվություններ Հայաստանի մարզերում: «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախագահն է Վարտա Բաբալյանը:
Առաջիկայում ասոցիացիան ծրագրել է իրականացնել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես Երևանում և մարզերում բնակչության համապատասխան տարիքային խմբերի շրջանում իրականացնել սկրինինգային հետազոտություն` ուլտրաձայնային դենսիտոմետրիայի եղանակով: Ուսումնասիրել բնակչության սննդակարգի` մասնավորապես կալցիում պարունակող սննդամթերքի առանձնահատկությունները, անցկացնել ուսուցողական, իրազեկման շարունակական աշխատանքներ բժիշկների և հիվանդների շրջանում:
Ծրագրվում է Երևանում ստեղծել օստեոպորոզի բուժման և կանխարգելման կենտրոն
Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի առաջացման հավանականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, հանգեցնում են օստեոպորոզի հաճախականության աճին, դարձնելով այն առողջապահական կարևորագույն խնդիրներից մեկը։
Հիսուն տարեկանից բարձր կանանց 1/3-ը, իսկ տղամարդկանց 1/-5-ի մոտ ախտորոշվում է օստեոպորոզ։ Մոտակա 50 տարիների ընթացքում սպասվում է այս հիվանդության հաճախականության աճ։ Օստեոպորոզը լուրջ առողջապահական խնդիր է, որն ախտորոշվում է 50 տարեկանից հետո յուրաքանչյուր երրորդ կնոջ և յուրաքանչյուր հինգերորդ տղամարդու մոտ:
Սիրտ-նաոթային, ուռուցքաբանական հիվանդություններից, շաքարային դիաբետից հետո օտեոպորոզը մահացություն առաջացնող հիվանդությունների շարքում չորրորդ տեղում է։ Ապացուցվել է նաև, որ օստեպորոզի հետևանքով հիվանդն ավելի երկար ժամանակ է սիպված լինում գամվել մահճակալին, քան թոքերի սուր և քրոնիկական հիվանդությունների, ուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի կամ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ։
Օստեոպորոզը հանգեցնում է այնպիսի հետևանքների, ինչպիսիք են երկարատև հոսպիտալացումը, դեպրեսիան, մշտական խնամքի կարիքը, կյանքի որակի իջեցումը: Այս հիվանդությունը պատճառ է դառնում տնտեսական և անհատական զգալի վնասների զարգացման:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
16:23 06-10-2014
Մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» գիտաժողովը
2767 դիտում
21:29 11-10-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»