211652_close_icon
views-count1371 դիտում article-date 21:42 10-11-2014

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան

Նոյեմբերի 10-ին խորհրդարանն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորներն Աժ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են Երեւանի՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու մասին որոշման նախագիծը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թ փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք: Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:

Նմանատիպ նյութեր