211652_close_icon
views-count1089 դիտում article-date 18:22 28-11-2014

Տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» թեմայով համաժողովը

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 1-5-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: Նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, Հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին: Նշված հարցերին կանդրադառնան հավատարմագրման գործընթացին մասնակից տեղացի և միջազգային փորձագետները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ՈԱԱԿ-ի աշխատակիցները, դասախոսներն ու ուսանողները: Մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ վարչապետ, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աշոտ Սաղյանը: Համաժողովի առաջին օրը նվիրված կլինի ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում բացահայտված խնդիրներին և լուծման ուղիներին: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց կներկայացնի «Որակի ապահովումը որպես փոփոխությունների կառավարում» թեմայով: Կքննարկվեն որակի ապահովման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա, արդյունքներն ու ակնկալիքները: Անդրադարձ կկատարվի նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների իրականացմանը, կներկայացվի ինստիտուցիոնալ հավատարմագրման Ամերիկյան համալսարանի փորձը, ինչպես նաև գիտական հետազոտության, միջազգայնացման, ՄՈՒՀ-երի և կրթական ծրագրերի արդյունավետ կառավարման հաջողված փորձերը: Ապա համաժողովը կշարունակվի աշխատաժողովների տեսքով, որտեղ միջազգային ու հայաստանյան հեղինակավոր փորձագետները կներկայացնեն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման մեխանիզմները և փորձագիտական աշխատանքի մեթոդաբանության հիմնախնդիրները: Համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացվի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը: Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացքում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը:

Նմանատիպ նյութեր