1706 դիտում
19:38 02-12-2014
Ամբողջությամբ բացահայտվել է Ալավերդի քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ավազակային հարձակումը
Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է ավազակային հարձակմանը մասնակցած երրորդ անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։
Ավելի վաղ տեղեկացրելենք, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ` անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նկատի ունենալով քրեական գործի բարդությունը և ծավալը, ինչպես նաև այն, որ անհրաժեշտ էր` միաժամանակ կատարվեին մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից նույն վարչության և Թումանյանի բաժնի քննիչներից 2014 թվականի նոյեմբերի 20-ին կազմվել է քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը:
Կատարված քննչական գործողություններով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել ոսկյա զարդեր:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո, ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Քննության շրջանակներում պարզվել է նաև, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայատվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և կատարված հանցագործությունից ժամեր անց Ալավերդի քաղաքի «Լենհանքեր» թաղամասի ճանապարհից երկու հոգին հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 23:45-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Վանաձորի բնակիչ Հ.Մարգարյանը և Երևանի բնակիչ Ա.Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել են` ավազակություն կատարելու կասկածանքով։ Միաժամանակ նրանց բերման ենթարկելուց անմիջապես հետո, տեղանքի զննությամբ, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման վայրից հայտնաբերվել և առգրավվել են հափշտակված ոսկյա զարդերը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2014 թվականի նոյեմբերի 20-ին, «Ջիլիզա» անտառտնտեսության տարածքից հայտնաբերվել է ավազակություն կատարած անձանց «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հաշվառման համարանիշը, աննկատ մնալու նպատակով, քողարկված է եղել փայտիկներով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մարտիրոսյանին և Հ.Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 22-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նույն օրը նրանց նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև երրորդ մասնակցի ինքնությունը և որ նա հանդիսանում է Սերիկ Հովհաննիսյանը:
2014 թվականի դեկտեմբերի 01-ին Սերիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական
ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
11834 դիտում
18:29 14-10-2018
Բացահայտվել է Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»