3262 դիտում
16:21 07-12-2014
«Շաբաթ-կիրակի Վերնիսաժում կարելի է տեսնել, թե գանձախուզության արդյունքում գտնված ինչ իրեր են վաճառվում». 168.am
[url=http://168.am/2014/12/07/434199.html]168.am[/url]-ը գրում է.
«Եթե երբևէ, պատմության ընթացքում ինչ-որ մեկը փորձի Նախիջևանում հայկական շերտ պեղել, այն, ցավոք, այլևս հնարավոր չէ գտնել. ինչպես հայտնի է՝ 1998-2006թթ. Նախիջևանում 27 000-ի հասնող հայկական հուշարձան պետական որոշմամբ ավերվել, փոշիացվել և հավասարեցվել է գետնին: Պատմական Հայաստանի այդ տարածքի հայկական հետքի միակ վկայությունն այսօր պատմաբան, հայագետ ու նախիջևանագետ Արգամ Այվազյանի՝ 200-ից ավելի աշխատություններն են, որոնցից 40-ը լույս է տեսել առանձին գրքերով: Դրանք պատմաբանը հեղինակել է տասնամյակների ընթացքում՝ իր ծննդավայր Նախիջևանի պատմությունն ու մշակույթը էջ առ էջ ուսումնասիրելով և հանձնելով թղթին: Նախիջևանի մասին Արգամ Այվազյանը դեռևս տասնյակ չհրատարակված գրքեր ունի, բայց պետական ֆինանսական միջոցները վերջին տարիներին հաճախ են շրջանցում հայոց մշակույթի և պատմության համար բացառիկ նշանակություն ունեցող այս թեման: Հայկական հուշարձանային մշակույթի ոչնչացումն այսօր կրկնվում է նաև այլ երկրներում, ճիշտ է, ոչ Նախիջևանում տեղի ունեցածի մակարդակով ու ծավալով, բայց տարածաշրջանային հակամարտությունների պատճառով Հայաստանից դուրս գտնվող հայկական հուշարձանները հաճախ են պատերազմող կողմերի թիրախ դառնում: Վերջին օրինակը Սիրիայում Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ականապատումն ու պայթեցումն էր: Մասամբ վնասվել կամ քանդվել են Հալեպի հայկական հնագույն եկեղեցիներն ու պատմական շենքերը: Նույն վտանգները կան Իրաքում:
Հայկական հուշարձանների պահպանության հարցերով երկար տարիներ զբաղվող պատմաբան Արգամ Այվազյանի հետ «168 Ժամը», այլ հարցերի շարքում, զրուցեց նաև Հայաստանից դուրս, վտանգի գոտիներում գտնվող պատմական հուշարձանների մասին. ի՞նչ անել, որպեսզի չկրկնվի Նախիջևանը:
- Պարոն Այվազյան, Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում հայկական հուշարձաններ կան, որոնց մի մասը հայտնվել է տարբեր երկրներում ընթացող հակամարտությունների դաշտում: Ինչպե՞ս եք տեսնում նրանց ճակատագիրը:
– Նախ ասեմ, որ հայկական հուշարձանների ճակատագիրը ոչ միայն պատերազմող, այլ նաև՝ խաղաղ երկրներում է վտանգված: Ռուսաստանում (հատկապես՝ հայաշատ Կրասնոդարում), Վրաստանում հաճախ են հայկական հուշարձանների պղծման, ավերման դեպքեր գրանցվում: Եթե Ռուսաստանում դա արվում է ազգայնական հողի վրա, ապա Վրաստանում այլ քաղաքականություն է ընթանում. այնտեղ գտնվող մեր եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները հանվում կամ քերվում են, և քանի որ քրիստոնեական եկեղեցիները ճարտարապետության տեսակետից նման են, նոր արձանագրություններ են տեղադրում՝ սեփականացնելով մեր պատմությունը: Հայկական հուշարձանների ավերման դեպքեր կան նաև այլ երկրներում, հատկապես՝ արաբական երկրների՝ Իրաքի, Սիրիայի այսօրվա պատերազմական իրավիճակը բացասաբար է անդրադառնում այնտեղ գտնվող մեր հարուստ պատմական ժառանգության վրա: Իսկ մենք ընդհանրապես ի՞նչ ենք անում աշխարհի տարածքում հայկական հուշարձանների ավերումը կանխելու ուղղությամբ: Մենք, ցավոք, պետական մակարդակով ընդամենն արձանագրում ենք, թե որ երկրում ինչ հայկական հուշարձան ավերվեց, և վերջ: Մենք ազգովի դարձել ենք վիճակագիրներ, սպասում ենք, որ արձանագրենք հերթական դեպքը: Հայաստանից դուրս գտնվող հայկական հուշարձանների պահպանությունը բարձիթողի վիճակում է: Այս տարվա կեսերին ես մամուլում հանդես եկա մի նախաձեռնությամբ. առաջարկեցի ստեղծել մի համահայկական կառույց, որ դրսում զբաղվի հայկական հուշարձանների, եկեղեցիների, պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների (որոնք բազմաթիվ են) պահպանության հարցերով (քանի որ հուշարձանը չես կարող տեղափոխել, այն պետք է պահպանել տեղում): Իմ նախաձեռնությունը մինչև հիմա ոչ մի արձագանք չի գտել, ինչը նշանակում է, թե մենք ոչինչ չենք ուզում ձեռնարկել և միայն ուրիշներից ենք պահանջում: Կամ էլ մենք հույսներս դնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նման միջազգային կառույցների վրա, որոնք հասարակական կազմակերպություններ են և, որպես կանոն, ոչինչ չեն անում, մինչդեռ հարցն այլ լուծում պիտի ստանա: Հայաստանի պետական մակարդակով, մեր դիվանագիտական կառույցների միջոցով, ներգրավելով տվյալ երկրների հայկական համայնքները՝ պետք է պատշաճ պահպանություն և հսկողություն սահմանվի օտար երկրներում գտնվող մեր հուշարձանների վրա, հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել փաստի առջև: Իհարկե, Հայաստանի տարածքից դուրս գտնվող ամենամեծ ավերումը մինչև հիմա Նախիջևանի հայկական հուշարձանների համատարած ոչնչացումը եղավ, որը, դժբախտաբար, այլևս հնարավոր չէ կանխել: Այն դարձավ Ցեղասպանությունից հետո մշակութային եղեռնի ենթարկված մեր երկրորդ մեծ կորուստը, որը շատ «համեստորեն» չտեսնելու ենք տալիս, որովհետև դա մեր՝ ժամանակակիցներիս, ճակատի խարանն է:
- Մենք խոսում ենք Հայաստանից դուրս հուշարձանների պահպանության մասին, բայց հենց Հայաստանի տարածքում նրանց պահպանությունը պատշաճորեն չի իրականացվում, գանձախույզները և այլ չարագործներ կարծես նորից գլուխ են բարձրացրել:
– Այն բացթողումները, թերացումները, որ կային խորհրդային իշխանության տարիներին, հուշարձանների պահպանության առումով, նույնությամբ նաև այսօր կան: Ցավոք, մեր պետական կառույցների որոշ պատասխանատուներ, շատ դեպքերում նախ` իրենք ենք ձեռք երկարում հուշարձաններին, մի շարք պաշտոնատար անձինք հուշարձանների մերձակայքում շինություններ են կառուցում՝ աղավաղելով պատմական արժեք ունեցող կառույցը, խարխլելով հիմքը և վնասելով այն: Իսկ գանձախույզները միշտ էլ կան. դամբարաններ են փորվում՝ գանձեր գտնելու նպատակով: Շաբաթ-կիրակի Վերնիսաժում կարելի է տեսնել, թե գանձախուզության արդյունքում գտնված ինչ իրեր են վաճառվում: Մենք՝ հուշարձանների պահպանության համապատասխան կառույցների աշխատակիցներս, հաճախ անզոր ենք լինում նման դեպքերի առջև: Որոշ դեպքեր հնարավոր է լինում կանխել, բայց ազդեցիկ մարդկանց, պետականորեն իրականացվող քաղաքականության դեմ մենք ոչինչ չենք կարողանում անել: Իբրև օրինակ բերեմ Երևան քաղաքը, որի կենտրոնի հիմնական հատվածը ճանաչվեց գերակա շահի տարածք, քանդվեցին ժամանակի շունչն ու շինարվեստը ներկայացնող և պատմաճարտարապետական արժեք համարված շենքերը և նոր շինություններ կառուցվեցին դրանց փոխարեն: Այսօր Երևանում ժողովրդական ճարտարապետությունը մատնանշող և անաղարտ մնացած 7-8 շենք հազիվ կարելի է նշել: Մարզերում դեպքեր կան, որ նախաքրիստոնեական հուշարձանի մոտ հանք է շահագործվում: Նման բաները պարզապես անթույլատրելի են, մենք կարծես մեր պատմության ժառանգորդները չլինենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=http://168.am/2014/12/07/434199.html]սկզբնաղբյուր կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
8786 դիտում
10:32 12-07-2017
Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը դարձել է մեծ խնդիր. «Փաստ»
6741 դիտում
15:32 25-02-2019
Գանձախուզության փորձ հուշարձանի տարածքում. խաթարվել է հուշարձանի հողաշերտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8839 դիտում
08:00 09-09-2015
Նախկին ոստիկանապետին հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելուց և վազելով ինչ-որ տեղ շտապելուց. «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»