880 դիտում
16:48 29-01-2015
Մեր Սուրբ Եկեղեցին կշարունակի ջանքերը միջազգային ու միջեկեղեցական ասպարեզներում` ի խնդիր Հայոց Ցեղասպանության ճանաչման. Գարեգին Բ Կաթողիկոս
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին հանդես է եկել ելույթով.
«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Ամենապատիվ Հոգևոր Տեր,
Մեծահարգ Վերապատվելի,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ և սիրելի ներկաներ,
Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:
2015 թվականը Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման լուսավոր խորհրդով բացվեց մեր կյանքում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, ինչպես արդեն հայտնի է, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ապրիլի 23-ին հանդիսավոր արարողությամբ սրբոց կարգն է դասելու հանուն հավատքի և Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակներին: Սրբացյալ մեր նահատակների բարեխոսությունը նորոգելու է կյանքը մեր ժողովրդի, նրանց հոգևոր սխրանքի ոգեկոչումը քաջալերելու է մեր ժողովրդի զավակներին ապրելու աստվածասեր ու հայրենանվեր ոգով և զորացնելու` մեր իրավունքների պաշտպանության, Հայրենի մեր երկրի հզորացման, ազգիս լուսավոր ապագայի կերտման կամքն ու վճռականությունը:
Ցեղասպանության 100-ամյակը մեր արդար դատի պաշտպանության գործում ունեցած ձեռքբերումներով հանդերձ` նոր հանգրվան է պահանջատիրության և հատուցման արդար մեր պայքարի ճանապարհին: Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Հայրենիքի շրջափակման, պատերազմի սպառնալիքի, նաև միջազգային հարթակներում Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ձախողեցնելու փորձերի, վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը:
Հայոց Ցեղասպանությունից 100 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված` չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Համայն ազգիս արդար սպասումն է, որ Թուրքիան ևս միանա Ցեղասպանությունը ճանաչած երկրներին` առերեսվելով սեփական պատմության հետ: Թուրքիո պետությանը պատասխանատվության կանչելու և հայոց դատի պահանջատիրության մեջ մեր ժողովրդի մղիչ ուժը ոչ թե ատելությունն է ու թշնամանքը, այլ արդարությունը վերականգնված տեսնելու պահանջն ու ձգտումը:
Թուրքիան առ այսօր տարբեր խարդավանքներով ու դավերով շարունակում է Հայոց Ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը: Նույն գործելաոճի հերթական դրսևորումն է Ցեղասպանության 100-ամյակի տարում Թուրքիայի իշխանությունների կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակամարտի 100-ամյակի օր հռչակելը, ինչն ակնհայտ է, նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը և նվազեցնելու Մեծ Եղեռնի մեկդարյա տարելիցի նշանակությունը: Հայրապետական Մեր հորդորն է աշխարհասփյուռ Մեր զավակներին` գործադրելու բոլոր ջանքերն ու միջոցները` հանրային, պետական ու միջազգային բոլոր հարթակներում ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից բխող նման քայլերի իրական բնույթը, ոգին ու նպատակը և հրատապ պահելու Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և արդարության իրագործման պահանջը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կոչ է արդարության վերականգնման, հորդոր է դատապատելու ներկա աշխարհում գործված բոլոր ցեղասպանությունները, մոլեգնող ահաբեկչությունները, և ի վերջո, խղճի ու մարդկայնության դեմ կատարվող ոճիրներն ու հանցագործությունները: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նաև կոչ է աշխարհին` վերջ դնելու սեփական շահերի համար մարդկանց և ժողովուրդների կյանքի զոհաբերմանը, նրանց իրավունքների ոտնահարմանը: Աշխարհի և մարդկության ապահով ու բնականոն կյանքը խաթարող ոճրագործությունները որոշապես հետևանք են նաև Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման հապաղման:
Ողջունում ենք որդեգրումը հռչակագրի և Մեր գնահատանքը բերում խմբագրական կազմի անդամներին:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին համայն աշխարհասփյուռ հայության ներուժն ու միասնականությունը զորացնելով` շարունակելու է հայրենի պետության, ազգային կազմակերպությունների ու հաստատությունների հետ ջանքեր գործադրել հանուն մեր արդար դատի հաղթանակի, շարունակելու է ջանքերը միջազգային ու միջեկեղեցական ասպարեզներում` ի խնդիր Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության հետևանքների վերացման:
Հայրապետիս աղոթքն է, որ Աստված խաղաղություն շնորհի ողջ աշխարհին, մարդկության կյանքում զորացնի համերաշխությունն ու սերը, որպեսզի բարի արգասիքներով արդյունավորվի ժողովուրդների համակեցությունը:
Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:
Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն»:
Նմանատիպ նյութեր
2367 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
1247 դիտում
17:29 24-04-2021
Մենք շարունակելու ենք ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված