2960 դիտում
15:16 05-02-2015
Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը
Փետրվարի 4-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Էդգար Հովհաննիսյանի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների (Վարդան Աճեմյան, Կարեն Անանյան, Աննա Հակոբջանյան, Նորայր Գրիգորյան) գործերը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ հունվարը շատ հագեցած ամիս էր նվագախմբի համար։ Նա բարձր գնահատեց արդեն 6 տարվա պատմություն ունեցող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, քանի որ կոմպոզիտորներն այսօր Հայաստանում զգում են, որ երիտասարդ ուժերը, կատարողները գնահատում են իրենց արվեստը և այն հասցնում ունկնդրին։
Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն առանձնացրեց այն փաստը, որ երեկոն հագեցած էր պրեմիերաներով։ Նա անհրաժեշտ համարեց ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելը։ ՙՄենք՝ պրոֆեսիոնալներս, պետք է խորանանք նոր գրված ստեղծագործությունների գաղտնիքների մեջ, բեմ բարձրացնենք, ներկայացնենք ունկնդրին, և ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի գործեր են դրանք։ Ստեղծագործությունների կատարումը ոգևորում է կոմպոզիտորներին՝ բարձրարվեստ գործեր ստեղծելու համար՚,- նշեց Ռուբեն Ասատրյանը։
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանն էլ, անդրադառնալով Էդգար Հովհաննիսյան կոմպոզիտորին, նշեց, որ նա այն արվեստագետներից էր, ում մենք շատ ենք պարտական, նրա ստեղծագործությունը սպասում է իր արժևորմանը։ Եվ Երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող Էդգար Հովհաննիսյան ֆեստն այդ մեծ կոմպոզիտորին, քաղաքացուն, հայրենասերին գնահատելու ու մեր հարգանքի տուրքը մատուցելու հերթական քայլերից է։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Էդգար Հովհաննիսյանի սիմֆոնիկ գործերը՝ ՙԳողգոթա՚ սիմֆոնիկ պոեմ, որը վերջին անգամ Հայաստանում կատարվել է 13 տարի առաջ, հատվածներ ՙՄարմար՚ սյուիտից։ Հնչեցին նաև Վարդան Աճեմյանի ՙՏոնական նախերգանքը՚, Կարեն Անանյանի ՙԵրեք վալսը՚, ՙՍարերի հովին մեռնեմ՚ (մենակատար՝ Մերի Մնջոյան (վոկալ), Աննա Հակոբջանյանի Տաղ անանձնական սոպրանոյի, տերեմինի և լարային նվագախմբի համար (մենակատարներ՝ Մանե Գալոյան (սոպրանո), Սաթենիկ Հակոբյան (տերեմին), Սիմֆոնիա “Exodus” նվագախմբի և երգչախմբի համար, Նորայր Գրիգորյանի ՙՍարդարապատի ճակատամարտը՚ սիմֆոնիկ պոեմը։ Երերկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև Երիտասարդական երգչախումբը (խմբավար՝ Նարինե Դավթյան)։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ավանդաբար անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»