1485 դիտում
19:31 13-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին նաև, համայնքապետեր և ջրային ոլորտի և այլ պատասխանատուներ:
Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը, նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական միտումներին, անհրաժեշտ է օգտագործել մարզում առկա ողջ ներուժն ու միջոցները ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
Անդրադառնալով մարզում վարելահողերի օգտագործման մակարդակին` նշեց, որ Տավուշի մարզում առկա 25605.7 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 15482 հա (60.5 %), նախորդ տարվա համեմատ 175 հա ավել, իսկ այս տարի ըստ կանխատեսումների կմշակվի 16462 հա, նախորդ տարվանից 980 հեկտարով ավել:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ պետությունը հետևողական է տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու` նպատակ ունենալով նպաստել հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը:
«Մեր առանձնահատուկ և ամենօրյա հոգածության ներքո են գտնվում հատկապես սահմանապահ համայնքները, որտեղ խնդիրները հասկանալի պատճառներով շատ ավելի ցավոտ են և մտահոգիչ: Կարևորելով այս հարցը` Տավուշի մարզի թվով 24 գյուղական համայնքներ, որոնք մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեն, այս տարի ազատվել են հարկերից»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սա լայն հնարավորություն է ստեղծում համայնքի բնակիչների համար գյուղատնտեսության ոլորտում փոքր արտադրական կազմակերպություններ հիմնել, քանի որ արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը, ազատվում է հարկերից:
Տավուշի մարզն ընդգրկված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում (CARMAC 2), որն արդեն իսկ մեկնարկել է: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչը նպատակ ունի ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճը: Ծրագրով նախատեսվում է ընդհանուր առմամբ ֆինանսավորել 80 ծրագիր՝ յուրաքանչյուրի ֆինանսավորման չափը 8000-50.000 ԱՄՆ դոլար: « Այս ծրագիրը Տավուշի մարզի համար անչափ կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է օգտվել ընձեռված հնարավորությունից»,- ելույթի ավարտին նշել է նախարարը:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Տավուշի մարզի «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրության և կոմերցիայի գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:
Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Բերքաբեր համայնք, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Համայնքի բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ նրանք օգտվում են պետական աջակցության ծրագրերից, սակայն դեռևս ունեն խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, այդ թվում` նաև ոռոգման ջրի խնդիրը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցի վերջին կանգառը Սարիգյուղ համայնքում էր: Համայնքապետը նախարարի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում գյուղում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, ինչը դրական քայլ է համայնքի բնակիչների խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից: Սակայն նրա խոսքով առավել մտահոգիչ է տեխնիկայի մաշվածության և բացակայության հարցը, հատկապես համայնքի համար հրատապ է հացահատիկահավաք կոմբայնի ձեռքբերման խնդիրը: Նախարարն ի պատասխան խոստացավ ծրագրի շրջանակներում լուծում տալ խնդրին:
Նմանատիպ նյութեր
3175 դիտում
21:29 15-07-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
2201 դիտում
21:44 18-07-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
1426 դիտում
17:55 18-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայող Ձորի մարզ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»