211652_close_icon
views-count1684 դիտում article-date 19:28 21-02-2015

ԵՊՀ-ն` 6, իսկ ԵՊԲՀ-ն և ՀԱՊՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կայացվեց երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ Երևանի պետական համալսարանին շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով: Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ: Փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը: Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ, նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, իսկ բուհերին համապատասխան վկայական կշնորհվի: Հավատարմագրված ուսումնական հաստատությունները երկամսյա ժամկետում ՈԱԱԿ-ին պետք է է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր և համապատասխան ժամանակացույց: Հավատարմագրման կարգի համաձայն`հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Ըստ հավատարմագրման կարգի`հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող էր կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել: Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր