211652_close_icon
views-count1096 դիտում article-date 18:00 13-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովի, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի, Չեխիայում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Չեխիայի Ազգային թանգարանի հովանու ներքո Չեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության դասական օրինակ է: Կցանկանայի ընդգծել, որ այն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում` Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության և ցեղասպանությունների միջագային ճանաչման և դատապարտման»: ԱԺ փոխնախագահը հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային և հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալներ: Այնուհետև Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը դատապարտող ելույթներով հանդես եկան Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկը և միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 22-ը: Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում մասնակցեց «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որը Չեխիայում ՀՀ դեսպանության և «Չարիքի հնէաբանությունը» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի հովանու ներքո կազմակերպել էին «Իրավագիտության ուսանողների եվրոպական ընկերակցության Պրահայի մասնաճյուղը» (ELSA PRAHA) և հայազգի տնտեսագետ Էլեն Ահարոնյանը: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ իրավաբանական ֆակուլտետի փոխդեկան,պրոֆեսոր Միլան Դամոհորսկին։ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ ելույթ-դասախոսությամբ, որում նա անդրադարձավ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի 600 հայազգի մտավորականների ձերբակալությանն ու սպանդին,խոսեց Օսմանյան Թուրքիայի երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործության ու դրա հետևանքների մասին: «Կոտորածն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը,ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը», - շեշտեց պարոն Շարմազանովը: Անդրադառնալով Ցեղասպանությունը ճանչացած երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներին` ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծեց,որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից,որոնք իրենց համարում են ժողովրդավար ու մարդու իրավունքների ջատագով։ Եվ եթե այն ճանաչվեր ու դատապարտվեր, ապա նոր ոճրագործություններ չէին կրկնվի։ Այնուհետև զեկույցով հանդես եկավ գերմանաբնակ հայազգի հանրահայտ ցեղասպանագետ, Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը, որը ներկայացրեց տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատականները` գալով այն եզրակացության, որ դրանք չափազանց նման են իրենց բնույթով. երկու ցեղասպանություններն էլ ուենին նույն ռասայական ուղղվածությունը և ազգայնական պետության հայեցակարգը։ Ելույթով հանդես եկավ նաև Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը, ով իր զեկույցում մանրամասն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտներին։ Մարտի 11-ին Պրահայի Գյոթեի ինստիտուտում Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Երեկ և այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է» խորագրով քննարկում, որը կազմակերպել էր «Gariwo - Garden of the Righteous» իրավապաշտպան կազմակերպությունը` ի դեմս չեխ-իտալացի հրապարակախոս Անդրեաս Պիերալլիի: Ներկաների առջև «Ցեղասպանությանների կանխարգելման մեխանիզմները, ժխտողականությունն ու դրա հետևանքները» խորագրով ելույթով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով խոսեց Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության մասին, թվարկեց այն երկրները, որոնք, անտեսելով աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը` շնորհակալություն հայտնելով նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, ով մեկ տարի առաջ ՀՀ Նախագահի Պրահա կատարած պետական այցի ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև դեսպանն անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությանը: Չեխ հայագետ Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։ Գիտաժողովի կազմակերպիչ Անդրեաս Պիերալլին ձեռնարկի մասնակիցներին ներկայացրեց փաստագրական նյութեր այն հումանիստների մասին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին: Իրենց ելույթներում արտաքին գործերի նախկին նախարարներ Ցիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը դատապարտեցին Օսմանյան կայսրության ոճրագործությունները և կոչ արեցին թուրքերին առերեսվել սեփական պատմության հետ: Շվարցենբերգը նաև նշեց, որ հայերի ողբերգության բազմաթիվ վկայություններ եղել են նաև նախկին Չեխոսլովակիայում:

Նմանատիպ նյութեր