211652_close_icon
views-count2708 դիտում article-date 09:34 05-04-2015

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատկի տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Սուրբ Զատիկը տոնելու կարևորագույն նշույլները պահպանվել են և դարերով փոխանցվել սերունդներին: Զատիկ` նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի Զատկի տոնի նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Ինչ վերաբերում է Մեծ պահքի Ավագ շաբաթվա վերջին օրերին ծոմապահությանը` այն սկսվում է հինգշաբթի երեկոյից և տևում է մինչև շաբաթ երեկո` մինչև պատարագին մասնակցելն ու հաղորդություն ստանալը. եթե մարդն առողջական խնդիրների պատճառով այդքան ժամանակ չի կարող ծոմ պահել, ապա պետք է գոնե շաբաթ օրն առավոտից մինչև հաղորդություն ստանալը ծոմ պահի: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշը: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ժողովրդական ավանդույթների համաձայն, Զատիկին նաև բրձով և չամիչով փլավ, ձկով ուտեստներ են պատրաստվում: Անցած տարվանից Արարատյան հայրապետական թեմը հիմք դրեց Հարության տոնին անցկացվող կանթեղներով երթին, որն այս տարի ևս տեղի կունենա. հավատացյալները Սուրբ Սարգիս եկեղեցուց 1050 կանթեղներով կշարժվեն Հանրապետության հրապարակ: «Արարատ» երիտասարդաց միության անդամ Դիանա Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց են միանալու նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Նմանատիպ նյութեր