211652_close_icon
views-count1987 դիտում article-date 10:12 11-04-2015

Քանյեն ևս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է և ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Ուզում եմ բարի խոսքեր ասել Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ Քանյե Ուեսթի մասին։ Քանյե Ուեսթին Հայաստանում սիրեցին որպես Քիմ Քարդաշյանի ամուսին՝ «մեր փեսա», ինչպես սիրում է ասել մեր ժողովուրդը: Այստեղ նա եկել է որպես ամուսին և հայր ու բոլորովին վատ չի զգում այդ դերից: Քանյեն ևս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է և ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու և գոչելու՝ «այդ ես եմ, դուք գիտե՞ք՝ ես ով եմ»: Ցավոք, ես բավականին հաճախ եմ լսում այդ հարցը: Երբեմն այն հնչում է սպառնալից՝ ես ազդեցիկ եմ և քո դեմ այս կամ այն գործողությունը կձեռնարկեմ: Երբեմն այդ հարցը տրվում է դառնությամբ՝ հե՛յ գիտի ժամանակներ, երբ ինձ բոլորը ճանաչում էին: Լինում է, որ այդ հարցի մեջ նախատինք կա՝ չե՞ք ամաչում, երիտասարդ, որ ինձ չեք ճանաչում: Իրականում այս մոլորակում չկա այնպիսի «առիթ», որը կդրդեր որևէ մարդու կուրծք ծեծել և ասել՝ «այդ ես եմ»: Ճանաչեցին՝ լավ, շնորհակալություն: Գնահատեցին միայն որպես լավ հայր կամ լավ ամուսին՝ դա էլ է հրաշալի: Ընդհանրապես բանի տեղ չդրեցին՝ դա էլ ընկճվելու պատճառ չի կարող լինել: Ես հո գիտեմ, թե ինչ եմ անում և ինչի համար, գիտեմ նաև, թե ում առաջ եմ իր արարքների համար հաշվետու: Փողը, պաշտոնները, պարգևները բացարձակ զրո են՝ իմ այս գիտակցության համեմատ: Ավելին՝ եթե դու սպասում ես, որ ամբողջ աշխարհը գնահատի քո ծառայությունները, ապա ակնհայտ է, որ դու դրանք անկեղծ չես մատուցել: Ավելի լավ է՝ իրական հոգ տանես քո մերձավորների համար, քան օրուգիշեր մտածես մարդկությունը փրկելու մասին»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր