211652_close_icon
views-count3358 դիտում article-date 10:59 11-04-2015

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատում տարիներ շարունակ հիմնադրված «բեսպրիդելը» գործում է. Ժողովուրդ

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատում տարիներ շարունակ հիմնադրված «բեսպրիդելը» գործում է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած տուն-ինտերնատի աշխատակիցները պահանջում են, որ աշխատավայրում մարդկային նորմալ պայմաններ ստեղծվեն, և արդարության պակասը չխեղդի մարդկանց: «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին: Ու որքան էլ այնտեղ ղեկավարներ են փոխվում, միևնույն է, իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Դեռևս փետրվարի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ աշխատակիցների աշխատավարձերն անսպասելիորեն կրճատել էին, ինչը դժգոհության առիթ էր դարձել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, որը հայտնել էր, թե սխալ հաշվարկ է եղել: Իսկ ահա մեր հրապարակումից որոշ ժամանակ անց աշխատակիցների չվճարված աշխատվարձը վճարվեց: Եվ, ահա, այս օրերին «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ աշխատակիցներ և հայտնել, որ տուն-ինտերնատում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է իրենց: Ըստ աշխատակիցների, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, եթե հնարավորություն ունենային այլ աշխատանք գտնելու, կլքեին տուն-ինտերնատը, սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար ստիպված հանդուրժում են տիրող անարդարությունը: Եվ այսպես, աշխատակիցների պատմելով՝ իրենց աշխատանքային հրամանները փոխել են առանց իրենց գիտության. «Ոչ ոք չգիտի՝ ինչ հաստիքի տակ է աշխատում: Մենք հստակ պայմանագիր չենք կնքում՝ հասկանալու համար, թե մեր աշխատանքը երբ է սկսվում և երբ ավարտվում: Մեզ ասում են, թե կրճատվելու եք, եթե մեր ուզածը չանեք, բայց անծանոթ մարդկանց են աշխատանքի ընդունում: Ու սա էլ դեռ քիչ չէ, կան մարդիկ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, սակայն աշխատավարձ են ստանում: Մենք կարող ենք երկու աշխատակցի անուն ասել, օրինակ՝ տուն-ինտերնատի կադրերի բաժնի վարիչ Կարինե Մաթևոսյանի որդին չի գալիս աշխատանքի, մի հատ ներկա չունի, բայց աշխատավարձ է ստանում, այս նույն կարգավիճակի մեջ է նաև մեր հաշվապահի քրոջ որդին: Չկա որևէ մեկը, որ ստուգում իրականացնի և այս խայտառակությունը կասեցնի»: Աշխատակիցները բարձրաձայնեցին նաև, որ տուն-ինտերնատի ներսում ինչ-որ արտոնյալներ կրպակ են բացել և ինտերնատի բնակիչներից Ռիմային աշխատացնում են այդ կրպակում որպես վաճառողուհի. «Այնպես են արել, որ մենք՝ որպես այնտեղի աշխատակիցներ, միայն այդ խանութից պետք է գնումներ անենք, որ իրենց բիզնեսը ծաղկի: Ու երբ այս խնդիրը բարձրաձայնում ենք, մեզ ասում են՝ երբ տնօրենը վերադառնա, ձեզ հեռացնելու ենք աշխատանքից: Այս ի՞նչ վերաբերմունք է, ի՞նչ անարդարություն է, մեկը չկա՝ գա ու ստուգի, թե ինչ են անում սրանք այստեղ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր