211652_close_icon
views-count1012 դիտում article-date 12:53 11-04-2015

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը

Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/: Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սբ. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Սբ.Կարապետի վանքը: Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությամբ:

Նմանատիպ նյութեր