211652_close_icon
views-count855 դիտում article-date 16:08 22-04-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Յագլանդին՝ հրավերն ընդունելու և գլոբալ ֆորումին մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Թորբյորն Յագլանդի՝ որպես համաեվրոպական կարևորագույն կառույցի գլխավոր քարտուղարի, մասնակցությունը և ներդրումը ֆորումի աշխատանքներին, որը, Նախագահի համոզմամբ, վերահաստատում է ԵԽ դերը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ հաջողություն է մաղթել Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի երկրորդ մանդատի իրականացման գործում՝ նշելով, որ նա իր առաջին մանդատից սկսած բավական լուրջ և խորքային բարեփոխումներ է ձեռնարկել, որոնց հիմնական նպատակը ԵԽ դերի բարձրացումն է՝ որպես համաեվրոպական մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված ԵԽ բարեփոխումների գործընթացին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, այդ կապակցությամբ անցկացվող միջոցառումներին, որոնց թվում նաև՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, համանախագահների գործունությանը և խաղաղության հասնելու համար կարևորում է հակամարտող կողմերի միջև երկխոսությունը: Թորբյորն Յագլանդը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ երևանյան գլոբալ ֆորումին հրավիրելու համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս կարևոր ֆորումին և ելույթ ունենալ:

Նմանատիպ նյութեր