211652_close_icon
views-count876 դիտում article-date 14:16 14-05-2015

Նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ "Կրթության որակ և համապատասխանություն" առաջին և երկրորդ վարկային, ինչպես նաև "Հանրակրթության բարելավման ծրագրի նախապատրաստման" դրամաշնորհային և "Կրթության բարելավում" վարկային ծրագրերին: Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկն ավարտվել է, երկրորդը` մեկնարկել և անհրաժեշտ է հնարավորինս արագացնել վերջինիս ընթացքը, մասնավորապես, ավագ դպրոցների շինարարական աշխատանքների հետ կապված: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել նաև ՀԲ-ի աջակցությամբ "Նորարարությունների մրցակցային հիմնադրամ"-ի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնների գործունեությունը` ընդգծելով, որ այն կոնկրետ ծրագիր է` իր գիտական բովանդակությամբ և մասնավոր հատվածի ներդրումների կարևորության տեսանկյունից: Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինը, բարձր գնահատելով գիտակրթական ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ հետաքրքված է հանրակրթական ուսումնական հաստատություններում "Շախմատ" առարկայի և 2015-2016 ուսումնական տարվանից հինգ առաջատար դպրոցներում փորձնական նոր ծրագրի` "Միկրոէլեկտրոնիկա", "Հեռահաղորդակցության հիմունքներ", "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" մասնագիտական առարկաների ներդրման Հայաստանի փորձով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր