211652_close_icon
views-count1190 դիտում article-date 12:35 22-05-2015

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Մշակութային ժառանգության վերածնունդ» սկավառակների շնորհանդեսը. ֆոտոշարք

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 21-ին կազմակերպվել էր «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։ Սկավառակներից մեկը կազմված է հայ երգի մեծ երախտավոր, բանահավաք, ազգագրագետ, երգիչ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերից, իսկ երկրորդը՝ «Կարին» ազգագրական երգ ու պարի խմբի կատարմամբ պարերից: Սկավառակների հետ տպագրվել է նաև գրքույկ, որն ամփոփում է երգերի նոտաները, բառերը, ներկայացված են պարերի մասին տեղեկություններ, պարերի նկարագրությունն ու խորհուրդը։ Ծրագրի նախաձեռնողը «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն է, որն իր գաղափարը կյանքի է կոչել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում առաջիկա ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում հարյուրավոր հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Մարզեր կմեկնեն և դասընթացները կանցկացնեն «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի անդամները։ Նպատակը երիտասարդ սերնդի մեջ ազգային մշակույթի տարածումն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի «Ցեղասպանություն» և «Մերօրյա հերոսներ» անվանակարգերի ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանն ընդգծեց, որ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների շրջանակներում կարևորվում են մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները։ «Ծրագիրը կոչվում է «Կորսված ժառանգության հետքերով», բայց վստահորեն կարող եմ ասել, որ այսօր, երբ մենք գտնվում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Կոմիտասը գործը շարունակած Հայրիկ Մուրադյանի ժառանգները նրա աշխատանքները փոխանցում են նոր սերունդներին, այս ժառանգությունը կորսված չէ։ Սա ապրող և հարատևող մշակույթ է։ Եվ մի օր հաստատ Սասնա պարը կպարենք Սասունում և այս երգերն ազգովին կերգենք մեր հավաքույթներում»,- նշեց Գայանե Մանուկյանը՝ ընդգծելով նաև, որ այս ծրագիրն իրականացրել է «Հայրիկ Մուրադյան» նորաստեղծ ՀԿ-ն, ինչը վերահաստատում է այն, որ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները միտված են նաև նորաստեղծ ՀԿ-ների զարգացմանը։ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ Հայրիկ Մուրադյանն առաջին մարդն էր, որ կոտրեց սոցիալիստական մշակույթ կոչվող անջրպետը և վերստին հայ մարդուն վերադարձրեց ազգային մշակույթը։ Իր կյանքը վտանգելով՝ խորհրդային մամլիչ ռեժիմի մեջ կարողացավ նորից լույս աշխարհ բերել այն երգերը, պարերը, որ բնորոշ էին հայ մարդուն։ Գագիկ Գինոսյանը նկատում է, որ մարզերում ուսուցանելու համար ընտրել են այն պարերը, որոնք համայնքային են, համեմատաբար մատչելի, որպեսզի երիտասարդությունն առաջին փուլն ավելի հեշտությամբ հաղթահարի, և կարողանան սեր ներարկել դեպի ազգային պարարվեստը։ Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր Հայրիկ Մուրադյանի մասին հուշերով, երիտասարդների երգ ու պարով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր