1367 դիտում
21:23 27-05-2015
New York Times- ում Բարաք Օբամային Ցեղասպանության հարցում դիրքորոշման համար ստախոս անվանեցին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ անսպասելի զարգացումներով:
Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց ռաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջը զբաղեցնող վճարովի հայտարարությունը, որը խստորեն քննադատում էր նախագահ Օբամային Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նախընտրական խոստումը չկատարելու համար:
Մի լավատեղյակ աղբյուր «Կալիֆորնիա կուրիեր» թերթին հայտնեց, որ թերթի հայտարարությունը նեղացրել է Սպիտակ տան որոշ պաշտոնյաների: Դրա տեղադրումը համընկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համաամերիկյան հանձնաժողովի ջանքերի հետ՝ համոզելու վարչակազմի դժկամ պաշտոնյաներին մասնակցելու մայիսի 7-9-ը Վաշինգտոնում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:
Այդուհանդերձ, փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մասնակցեցին Վաշինգտոնի ազգային տաճարում մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքի արարողությանը, սակայն նրանք ելույթ չունեցան և նրանց ներկայությունը չհայտարարվեց: Զարմանալիորեն, երկու պաշտոնյաներն էլ կրում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը:
Վճարովի հոդվածում պատկերված էր մի երեխա պաստառը ձեռքին, որի վրա գրված էր. «Նախագահ Օբամա, ինչո՞ւ եք մեզ ստում»: Դրան հաջորդում էր մեծ, հաստ տառերով գրված վերնագիրը. «1.5 միլիոն հայ զոհերը ճչում են իրենց գերեզմանից. Մինչև ե՞րբ եք ժխտելու մեր ցեղասպանությունը, միայն գոհացնելու համար թուրք բռնակալին»:
Վճարովի հոդվածը խիստ քննադատության ենթարկեց ինչպես Օբամային՝ իր նախընտրական խոստումները դրժելու, այնպես էլ դեսպան Փաուերին՝ Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ անտարբերությունն իր գրքում («Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը») դատապարտելուց հետո լուռ մնալու համար: Հայտարարությունը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան անվանելով «խուլիգան» և «բռնակալ, որը քանդել է թուրքական ժողովրդավարությունը»:
Բացի այդ, հոդվածում մեջբերում կար «ՍիԷնԷն»-ի Վաշինգտոնի գլխավոր թղթակից Ջեյք Թեփերի լուրերի թողարկումից. «Վեցերորդ տարին անընդմեջ նախագահ Օբաման դրժել է հայ համայնքին տված իր խոստումը, երբ որպես սենատոր և նախագահի թեկնածու, նրանց քվեներն ստանալու համար խոստացել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը նկարագրելու համար: Նա այդպես վարվեց որպես զիջում Թուրքիայի կառավարությանը»:
Հոդվածը հիշեցրեց ընթեցողներին, որ Թեփերը նկատի ուներ սենատոր Օբամայի 2008 թ. հայտարարությունը. «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, որը հաստատում են վիթխարի քանակով պատմական ապացույցներ: Փաստերն անհերքելի են…. Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
Այնուհետև հոդվածի հեղինակները հայտարարեցին. «Հազվադեպ է, որ Ամերիկայի որևէ նախագահ այսպես լկտիաբար սուտ խոսի բարոյական մեծ նշանակություն ունեցող նման հարցի վերաբերյալ: Նախագահ Օբամայի դիտավորյալ բարոյական կուրությունը խիստ տարբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցյալ շաբաթվա խիզախ հայտարարությունից, որով նա աշխարհին կոչ էր անում ճանաչել «քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը»»:
Հոդվածում ռաբբին և Հարյուրամյակի հանձնաժողովը հետևյալ հարցն ուղղեցին դեսպան Փաուերին. «Որպես առաջնորդող ձայն ընդդեմ ցեղասպանության, արդյոք Դուք հավատարիմ կմնա՞ք Ձեր սկզբունքներին, թե՞ կդառնաք հերթական անձանցից մեկը, որ պաշտոն ստանձնելով լռում է և դառնում «խնդիր դժոխքից»-ի» մի մասը»:
Երկրորդ հայտարարությունը, որն Օբամային հիշեցնում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումը, հայտնվեց «Լոս Անջելես թայմս» թերթի ապրիլի 24-ի համարում: Թերթի Էջի մեծ մասը զբաղեցնող հոդվածում, որ տեղադրվել էր Կալիֆորնիայի Օրինջ շրջանի գործարար Էդ Մուրադլյանի կողմից, պնդում էր. «Ժամանակն է լինել այն ղեկավարը, որ Դուք խոստացել էիք լինել: Պարոն Նախագահ, ճիշտ ժամանակն է, որ այս 100-րդ տարելիցին կատարեք Ձեր տված խոստումը»: Մուրադլյանի հոդվածում պատկերված էր Օբամայի լուսանկարը, դեսպան Մորգենթաուի 1915 թ. հուլիսի 16-ի հեռագիրն ուղղված Պետդեպարտամենտին և 1915 թ. դեկտեմբերի 15-ի «Նյու Յորք թայմս» թերթի լրատվության վերնագիրը: Հոդվածն ավարտվում էր՝ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» կոչով:
Եթե այս հոդվածներից մեկը կամ երկուսը որոշ անհանգստություն են պատճառել Սպիտակ տան պաշտոնյաներին, ապա արժեր դրանց վրա այդքան գումար ծախսել…
Հոդվածները պետք է ընդգրկեին նաև Օբամայի սեփական խոսքերը իր «Հույսի հանդգնությունը» գրքից. «Ասել մի բան քարոզարշավի ընթացքում և անել այլ բան պաշտոնն ստանձնելիս, նշանակում է՝ դու տիպիկ երկերեսանի քաղաքական գործիչ ես»:
Չնայած ոգեկոչման միջոցառումները Վաշինգտոնում կազմակերպված էին շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն մի լուրջ բացթողում կար: Երբ մայիսի 9-ին կայացած հարյուրամյակի միջոցառման ժամանակ հատուկ մրցանակներ շնորհվեցին նշանավոր անհատներին, կազմակերպություններին և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ներկայացուցիչներին, շատ տեղին կլիներ հարգանքի տուրք մատուցել նաև 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որի դիվանագիտական կարիերան ընդհատվեց, երբ Բուշի վարչակազմը նրան հետ կանչեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար: Միջոցառման կազմակերպիչները «Կալիֆորնիա կուրիեր»-ին հավաստիացրեցին, որ «անտեսելու նպատակ չեն ունեցել» և դա պարզապես «վրիպում» էր:
Բարեբախտաբար, այս կոպիտ սխալը հաջողվեց փոքր-ինչ մեղմել, երբ «վրիպումը» հայտնվեց հանդիսավարի՝ փաստաբան Մարկ Գիրագոսի ուշադրության կենտրոնում, որն ամբիոնից հայտարարեց դեսպան Էվանսի ներկայության մասին: Հարյուրամյակի միջոցառմանը ներկա 2000 հյուրերը հոտնկայս և բուռն ծափահարություններով ողջունեցին արդարամիտ դեսպանին: Ավելորդ է անգամ նշել, որ դեսպան Էվանսը շատ ավելիին է արժանի, քան սոսկ ծափահարությունները՝ իր կարիերան ի պաշտպանություն Հայ դատի զոհաբերելու համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
14:28 20-04-2015
The New York Times-ը կոչ է անում նախագահ Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու կոչել այն իր անունով
8484 դիտում
18:44 10-11-2017
New York Times-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմին
Այս բաժնից
880 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
703 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան