211652_close_icon
views-count1592 դիտում article-date 13:41 30-05-2015

ՀՀ գյուղնախարարը Կոտայքի մարզում մասնակցել է պեկան տեսակի ընկուզենու այգիների հիմնման արարողությանը. լուսանկարներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ մասնակցել է լիբանանյան Gardenia Lebanese Farms L.L.C. Pecan Farms ընկերության կողմից իրականացվող ընկուզենու այգիների հիմնման պաշտոնական մեկնարկի արարողությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի հեղինակներին և աջակիցներին նման կարևոր նախաձեռնության համար: «Ես բարձր եմ գնահատում այս ծրագրի իրականացումը, քանի որ այն նոր համագործակցություն է երկու երկրների գյուղատնտեսության ոլորտներում, որի շրջանակում Եղվարդ համայնքում այսօր հիմնվել է պեկան տեսակի ընկուզենու այգի, որն իր տեսակով միակն է հանրապետությունում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով` ընկերությունն անցյալ տարի ցանկություն էր հայտնել Հայաստանում այգիներ հիմնել, այդ նպատակով Եղվարդում գնել էր 100 հեկտար անմշակ հող և այսօր արդեն 22 հեկտար տարածքի վրա հիմնել է ընկուզենու այգիներ: Այգիներում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ, նախատեսվում է նաև հետագայում կարկտապաշտպան ցանցեր տեղադրել: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարությում եմ, որ 6 տարվա ընթացքում Հայաստանն իր պատվավոր տեղը կունենա պեկանի արտադրության աշխարհի քարտեզի վրա»,- իր խոսքում ընդգծել է Gardenia Lebanese Farms L.L.C. ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլա Աբու Ֆայզալը: Նրա խոսքով` ընկերության կողմից իրականացվող ծրագրերի եկամուտները կմնան Հայաստանում. Հայաստանն իմ սրտում է և նրա ապագան շատ լավն է` հավելել է Նիկոլա Աբու Ֆայզալը: Նշենք, որ Լիբանանի Gardenia Lebanese Farms L.L.C. ժամանակակից սննդի արտադրության ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ և հայտնի ընկերություններից մեկն է և իր արտադրանքն արտահանում է աշխարհի ավելի քան 43 երկրներ: Այժմ Gardenia Grain D’Or ապրանքանիշը համարվում է Մերձավոր Արևելքի առաջատար ապրանքանիշերից մեկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր