211652_close_icon
views-count972 դիտում article-date 15:56 10-06-2015

Պատգամավորները փորձում են հասնել նրան, որ ծառայության ընթացքում հիվանդացած կամ վնասվածք ստացած զինծառայողների բուժումը արտասահմանում իրականացվի պետբյուջեի հաշվին

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, ինչն էլ, որպես հիմնական զեկուցող, այսօր ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը: Նա նշեց, որ նախագծի անհրաժեշտությունը առաջացել է Գեւորգ Եղիազարյանի դեպքից հետո, ով ծառայության ընթացքում վնասվածքներ էր ստացել եւ չէր կարողանում իր բուժումը արտասահմանում իրականացնել: ՊՆ-ն իր հնարավորության սահմաններում 70 հազար դոլարի աջակցություն էր ցուցաբերել, սակայն նրա բուժումը իրակնացնելու համար եւս 50 հազար դոլար է պահանջվել: Ավելին, ՀՀ օրենսդրությունը չունի պոզիտիվ պարտականություն նախատեսող օրենք, որ պետական բյուջեի շրջանակներում ֆինանսավորի: Հետեւաբար, առաջարկեց զինվորականների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության օրենքում իրավակարգավորումներ կատարել, համաձայն որոնց մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունը իրականացնելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողների բուժումը արտերկրում եւ ճանապարհածախսը հոգան պետբյուջեի հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հիվանդությունները ի հայտ են եկել նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանքով: Պատգամավորները հիմնականում ողջունում էին առաջին ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագիծը՝ իրենց կողմից զինվորականներին վերաբերող այլ հարցեր բարձրաձայնելով եւ նկատելով հանդերձ, որ առաջարկվող նախագիծը խմբագրման կարիք ունի:

Նմանատիպ նյութեր